Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե ռուս-թուրքական հերթական մերձեցումը կայանա

Հունիս 08,2016 17:00

Ըստ Հայկակ Արշամյանի` դա լուրջ սպառնալիք կարող է դառնալ
թե՛ Հայաստանի, թե՛ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման առումով

Գերմանիան աջակցում է Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ երկխոսությանը

Հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագը գրեթե միաձայն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: «Ցեղասպանությունից 101 տարի անց, կարծում եմ, ժամանակն է, որ Գերմանիան՝ որպես երկիր, որը, ցավոք, Օսմանյան կայսրության դաշնակիցն էր, ընդունի՝ ինչ է կատարվել, եւ պատասխանատվություն ստանձնի, ինչը ազդակ կլինի նաեւ Թուրքիայի համար՝ նոր հայացքով նայելու փաստերին»,- հայտարարեց փաստաթուղթն առաջ մղող ուժերից մեկի՝ Կանաչների ղեկավար Ջեմ Օզդեմիրը: «Բունդեսթագի պատգամավորներին ոչինչ չի սպառնում իրենց կարծիքը արտահայտելու համար, մինչդեռ Թուրքիայում վտանգի տակ են բոլոր նրանք, ովքեր աջակցում են հայ-թուրքական հաշտեցմանը: «Հայ» բառը միշտ, այսօր էլ Թուրքիայում հայհոյանք է: Երբեմն ես էլ եմ արժանանում այդ հայհոյանքին, ինչպես իմ ընկեր Հրանտ Դինքը, որ սպանվեց»,- ասել էր Օզդեմիրը:

Ուշագրավ էր Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հայտարարությունը Բունդեսթագի քվեարկությունից հետո, երբ նա նշեց, որ Գերմանիայի կառավարությունը մտադիր է նպաստել Հայաստանի ու Թուրքիայի միջեւ երկխոսության հաստատմանը, այդ թվում նաեւ Օսմանյան կայսրությունում գրանցված դեպքերի վերաիմաստավորման միջոցով: «Գերմանիային ու Թուրքիային շատ բան է կապում: Գերմանիայում բնակվում է թուրքական արմատներով մոտ 3 միլիոն քաղաքացի: Այդ պատճառով էլ ես եւ Գերմանիայի ողջ կառավարությունը մտադիր ենք ներդրում ունենալ Հայաստանի ու Թուրքիայի միջեւ երկխոսության հաստատման հարցում»,- ասաց Մերկելը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի հետ համատեղ ասուլիսում: Իսկ Սթոլթենբերգը նույն ասուլիսում մեկնաբանելով Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին որոշումը՝ հույս հայտնեց, որ Հայաստանն ու Թուրքիան հարաբերությունները կկարգավորեն հնարավորինս արագ:

Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը լրագրողների հետ զրույցում օրերս ավելի կոնկրետ հայտարարություն արեց` նշելով, որ առաջիկայում Բեռլինը լրացուցիչ ջանքեր է գործադրելու Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: «Գերմանիան բազմաթիվ նախագծեր ունի՝ միտված Հայաստանի եւ Թուրքիայի քաղաքացիական հասարակությունների հարաբերություններն ավելի սերտ դարձնելուն: Կարծում եմ՝ երեկվա բանաձեւը խթան կհանդիսանա այս ուղղությամբ ավելին անելու համար: Երկարատեւ հեռանկարում, անշուշտ, ցանկանում ենք տեսնել, որ մի օր Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն, եւ կբացվի հայ-թուրքական սահմանը»,- հավելեց դեսպանը:

Թուրքիան երկու ճանապարհ ունի

Չնայած Թուրքիայից այս օրերին Գերմանիայի նկատմամբ քննադատական հայտարարությունների հեղեղին` Գերմանիան ամրագրեց, որ աջակցելու է Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ երկխոսությանը, պետք է ավելին անել Թուրքիայի ու Հայաստանի հաշտեցման համար:

2009թ. հոկտեմբերին Ցյուրիխում Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարները ստորագրեցին երկու փաստաթուղթ՝ երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու եւ հարաբերությունները զարգացնելու մասին: Արձանագրությունները պետք է վավերացվեին երկու երկրների խորհրդարանների կողմից, սակայն Թուրքիան հրաժարվեց դա անել, որի հետեւանքով 2010թ. ապրիլին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր ստորագրեց հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը կասեցնելու մասին: Իսկ անցյալ տարի փետրվարին Ս. Սարգսյանի հրամանագրով արձանագրությունները հետ կանչվեցին Ազգային ժողովից:

Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո այսօր՝ առավել քան երբեւէ, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը թվում է անիրականանալի: Պաշտոնական Անկարան վաղուց է Ղարաբաղյան հակամարտության ադրբեջանանպաստ լուծումը դիտարկում որպես նախապայման Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման համար: Ապրիլյան պատերազմի օրերին պաշտոնական Անկարան շնորհավորեց Ալիեւին «հաղթանակի» համար` ցույց տալով, որ աջակցում է Ալիեւին` անգամ սանձազերծած պատերազմի դեպքում:

«Առավոտ»-ի հետ զրույցում Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի փորձագետ Հայկակ Արշամյանը վերհիշելով «Ֆուտբոլային դիվանագիտությունը»՝ նշեց, որ այն ցույց տվեց, որ Հայաստանի իշխանությունները, համենայնդեպս, փորձում էին ինչ-որ ձեւով կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ եւ կողմ էին սահմանի բացմանը. «Հիշում ենք, թե դա ինչ լուրջ դիմադրություն առաջացրեց թե՛ հայ հասարակության մեջ, թե՛ որոշ կուսակցությունների շրջանում եւ թե՛ Սփյուռքում: Ամեն դեպքում իշխանությունները ցույց տվեցին, որ բարի կամք են փորձել դրսեւորել այդ գործընթացում»:

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի փորձագետ Հայկակ Արշամյանը

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի փորձագետ Հայկակ Արշամյանը

Այսօր Թուրքիայում տեղի ունեցող գործընթացներին գալով` մեր զրուցակիցը նշեց. «Մենք այսօր առաջին հերթին պետք է փորձենք հասկանալ, թե Թուրքիայում ինչ է կատարվում: Թուրքիան հիմա երկու ճանապարհ ունի: Առաջինը` կա՛մ այն Էրդողանի գլխավորությամբ վերածվելու է դիկտատորական մի երկրի, այսինքն` այնտեղ ոչնչացվելու են ազատ լրատվամիջոցները, ինչը արդեն իսկ տեղի է ունենում, արմատախիլ է արվելու ցանկացած այլախոհություն, մտավորականների ու երիտասարդների այն շերտը, որ փորձում է դեմ գնալ Թուրքիայում տեղի ունեցող գործընթացներին, ինչպես եւ հաջողում է ջարդել քրդերի դիմադրությունը, որն այնքան էլ հավանական չեմ համարում, կա՛մ էլ Թուրքիան քայքայվելու է քրդական եւ մյուս փոքրամասնությունների դիմադրության եւ իր բոլոր հարեւանների հետ առկա լուրջ խնդիրների հետեւանքով: Այսինքն` կա՛մ Թուրքիան իր սահմանները պետք է փակի, անցնի ինքնասպասարկման ռեժիմի, կա՛մ եթե բաց է մնում, այնպես գոնե՝ ինչպես հիմա է, ապա նրա սահմաններն են շատ թույլ ու անկայուն, ինչպես նաեւ ներսում ունի հսկայական խնդիրներ, որոնք միայն քրդերի հետ չեն կապված:

Դրանք ներքաղաքական, ներկուսակցական պայքարի խնդիրներ են` կապված Էրդողանի կուսակցության ներսում առաջացած տարբեր վեկտորների հետ»:

Հ. Արշամյանի համոզմամբ` այսօր Եվրոպան որքան էլ սիրաշահեց Թուրքիային, փորձեց Թուրքիայի միջոցով փախստականների հոսքը դեպի Եվրոպա զսպել` չստացվեց. «Թուրքիան ԵՄ-ից գումար ստանալու խոստմանը զուգընթաց բացեց դեպի Եվրոպա ճանապարհները, ինչի արդյունքում միլիոնավոր փախստականներ գնացին Եվրոպա: Բոլորն էլ շատ լավ հասկանում են, որ դա խաղ է, Էրդողանի կողմից պարզապես ԵՄ-ից գումար պոկելու միջոց է: Ի՞նչ արեց Էրդողանը: Ինչպես հայտնի է, Թուրքիան վերջին տասնամյակներին ղեկավարվում էր զինվորական էլիտայի կողմից: Էրդողանը, սակայն, ոչնչացրեց այդ էլիտան: Բայց այն, ինչին ձգտում է այսօր ստեղծել Էրդողանը` հնարավոր է հենց իր դեմ աշխատի: Այս երկու ճանապարհն ունի այսօրվա Թուրքիան»:

Մեր զրուցակիցը համարում է, որ, ցավոք, Թուրքիայում այսօր եւ ապագայում տեղի ունեցող գործընթացներից մենք որոշակիորեն կախված ենք. «Բնականաբար, կողմնակից եմ հայ-թուրքական սահմանի բացմանը, որը մեզ համար այլընտրանք կարող է դառնալ տարբեր առումներով, կողմ եմ, իհարկե, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը, ապա նաեւ՝ հաշտեցմանը, բայց այսօր Թուրքիան այն երկիրը չէ, որի հետ կարելի է երկխոսել: Եթե հիշում եք, Սերժ Սարգսյանն այս տարվա փետրվարի իր ելույթում նշեց, որ Թուրքիայի հետ այլեւս անելիք չկա, եւ դա ուղերձ էր ոչ միայն Թուրքիային, այլեւ Արեւմուտքին: Սա նշանակում էր ֆուտբոլային դիվանագիտության դե յուրե ավարտ, չնայած դե-ֆակտո այն վաղուց էր ավարտվել։ Իսկապես, մենք այս պահին անելիք չունենք, որովհետեւ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը Թուրքիայի քաղաքական օրակարգում ոչ երրորդն է կամ տասներորդը, այլ ուղղակի այս պահին չկա օրակարգում: Թուրքիան ինչքան էլ փորձի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Ադրբեջանին աջակցել ու ծափահարել, իրականում այս հարցն էլ իր համար երկրորդական է այս պահին: Էրդողանի համար առաջնային խնդիրը երկրի ներսում իր պատկերացրած կայունության հաստատումն է, նա երկրի ներսում այնքան լուրջ հիմնախնդիրներ ունի, որ ձեռքը չի հասնելու Ղարաբաղի խնդրին, որքան էլ դրա փորձերն արվում են»:

Միեւնույն ժամանակ Հայկակ Արշամյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ արդեն իսկ նկատվում են ռուս-թուրքական հարաբերությունների վերագործարկման փորձեր. «Մի կողմից՝ Թուրքիայի ղեկավարությունն է խոսում դրա անհրաժեշտության մասին, մյուս կողմից էլ՝ Ռուսաստանը ամենաբարձր մակարդակով արդեն դրա ակնարկներն անում է։ Եթե ռուս-թուրքական հերթական մերձեցումը կայանա, ապա սա արդեն լուրջ սպառնալիք կարող է դառնալ թե՛ Հայաստանի եւ թե՛ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման առումով»։
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ», 07.06.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930