Դատարանի իրավական դիրքորոշումը հետեւյալն էր. Վարդան Ղուկասյանը որպես «Հրապարակումների հեղինակ կամ պատվիրատու հանդես չի եկել»
Գյումրու նախկին քաղաքապետի փեսայի սպանության համար երկարատեւ ազատազրկման դատապարտված Հարություն Սարգսյանը դիմել էր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան Վարդան Ղուկասյանի, նրա գրասենյակի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձանց՝ Panorama.am, «Առավոտ» օրաթերթ ՍՊ ընկերությունների եւ Անժելա Թովմասյանի դեմ՝ պահանջելով հրապարակայնորեն ներողություն խնդրել:
Մայիսի 12-ին դատավոր Հ. Ղազարյանը հրապարակել էր վճիռը, իսկ այն տեղադրվեց «ԴատաԼեքս» տեղեկատվական համակարգում միայն երեկ: Վճռով մերժվեց դատապարտյալի հայցը:
Ի սկզբանե «Առավոտը» հրաժարվեց դատարանում ներկայացուցիչ ունենալուց, քանի որ հաշվի առավ դատապարտյալի անազատության մեջ գտնվելու հանգամանքը եւ նաեւ այն, որ նրա միջնորդությունը՝ դատարան բերվելու, դատարանը մերժել էր:իշեցնենք, որ 2013թ. հուլիսի 10-ին aysor.am լրատվական կայքում` «Վ. Ղուկասյանի գրասենյակ. Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ նպատակադրված հետապնդում» վերտառությամբ հոդվածում, Aravot.am լրատվական կայքում` «Վարդան Ղուկասյանի գրասենյակի հայտարարությունը» վերտառությամբ հոդվածում, Hayeli.am լրատվական կայքում՝ «Վարդան Ղուկասյանի գրասենյակը հիշեցրել է 2007թ. մահափորձը» վերտառությամբ հոդվածում ներկայացվել է Վարդան Ղուկասյանի գրասենյակի կողմից տարածված հայտարարությունը:
Ըստ դատապարտյալի՝ «ի թիվս այլոց, տեղ են գտել հետեւյալ արտահայտությունները. «Յուրաքանչյուր ողջախոհ մարդ հասկանում է, որ հանցագործի մոր նպատակն է՝ զրպարտությամբ, հերյուրանքներով, իրավիճակը միտումնավոր շիկացնելով, դատարանի դահլիճում բախումներ հրահրելով՝ շեղել դատական պրոցեսի ընթացքը», «Այդ մորից կարող էր ծնվել միայն այդպիսի սառնասիրտ հանցագործ», «Համոզված ենք, որ արդարադատության գերակայության պայմաններում նրան չի հաջողվի որդու արյունոտ ձեռքերը մաքրել ուրիշների անունը կեղտոտելու գնով»:
Անազատության մեջ գտնվող հայցվորը գտնում էր, որ նման արտահայտությունները լրատվամիջոցներով տարածելով՝ խախտվել է իր անմեղության կանխավարկածը, «պատասխանողները վիրավորել ու զրպարտել են իր պատիվն ու արժանապատվությունը»:
Հ. Սարգսյանը հայտնել է, թե հայտարարությամբ Վարդան Ղուկասյանն իր գրասենյակի միջոցով հայցվորի եւ նրա մոր վերաբերյալ հրապարակել է վերը շարադրված արտահայտությունները, որոնք իրենց մեջ պարունակում են վիրավորանք եւ զրպարտանք:
Կարդացեք նաև
Ի դեպ, 2015թ. սեպտեմբերի 18-ին արդարադատության նախարարության «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում կայացած արտագնա դատական նիստի ժամանակ, պատասխանելով նախագահողի հարցերին, Հարություն Սարգսյանը «պահանջը պնդել է ամբողջությամբ»:
Պատասխանողներից միայն Վարդան Ղուկասյանն է ունեցել ներկայացուցիչ՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Հայկ Ալումյանը, որը հայցի դեմ առարկել է ամբողջությամբ՝ ասելով, թե հայցի հիմքում դրված են նշյալ լրատվամիջոցների կայքերում Վարդան Ղուկասյանի գրասենյակի անունից հրապարակված արտահայտությունները, իսկ որպես հայցի իրավական հիմք մատնանշված էին ՀՀ Սահմանադրությունը, Մարդու իրավունքների հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը:
Ըստ պատասխանողի ներկայացուցչի՝ «ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերին համապատասխան՝ հայցվորի կողմից մատնանշված հրապարակումները զրպարտություն չեն համարվում, քանի որ դրանք արվել են՝ ելնելով դատական վարույթի ընթացքում գտնվող քրեական գործից, եւ որոնք բխել են հայցվորի մոր ելույթներից»:
Հ. Ալումյանը նաեւ առարկել էր, թե հայցվորը չի փորձել պարզել՝ «ի՞նչ կազմակերպաիրավական ձեւ ունի գրասենյակը, արդյոք այն հանդիսանո՞ւմ է քաղաքացիական իրավունքների սուբյեկտ, ինչպես նաեւ հայցվորը չի հիմնավորել, թե ո՞ր իրավական նորմի ուժով նշված կառույցի գործողությունների քաղաքացիաիրավական հետեւանքները կարող է կամ պետք է կրի Վարդան Ղուկասյանը»:
Դատարանի իրավական դիրքորոշումը հետեւյալն էր. «Հրապարակումներում եւս առկա չէ որեւէ նշում այն մասին, որ հրապարակված նյութերը հանդիսանում են Վարդան Ղուկասյանի ելույթների կամ հրապարակումների բառացի վերարտադրությունը: Նման պայմաններում դատարանը գտնում է, որ Վարդան Ղուկասյանը սույն հայցով պատշաճ պատասխանող համարվել չի կարող, հետեւաբար նրա դեմ ուղղված պահանջի մասով հայցը ենթակա է մերժման»:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ»
07.06.2016