Լրահոս
Օրվա լրահոսը

Ռազմիկ Մարկոսյան. «Թող որ այս ընտրանին նահատակված ընկերոջս հայերեն հետմահու աղոթքը լինի»

Հունիս 08,2016 16:00

1990թ. հետմահու արդարացված, 2005թ. Ուկրաինայի հերոս, այլախոհ բանաստեղծ, Տարաս Շեւչենկոյի անվան պետական մրցանակակիր Վասիլ Ստուսի «Հանգիստ տուր ինձ, տեր…» բանաստեղծությունների ժողովածուն հայերեն առաջին անգամ ներկայացվեց հայ ընթերցողին:

Փարաջանովի անվան տուն-թանգարանում անցյալ ուրբաթ գրքի շնորհանդեսն էր:
1972թ. հունվարի 12-ին Ստուսը ձերբակալվել է հակախորհրդային ագիտացիա եւ պրոպագանդա վարելու մեղադրանքով: Մեղադրանքի հիմքում դրվել էին նրա 14 բանաստեղծություններն ու 10 իրավապաշտպան-գրականագիտական հոդվածները:
Ստուսը նույն թվին դատապարտվել է 5 տարի ժամկետով ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում եւ 3 տարվա աքսորի: 1985թ. մեկուսարանի 3 խցում իր մահկանացուն կնքած 47-ամյա մտավորականի բանտային ընկերը, խորհրդային տարիների քաղբանտարկյալ Ռազմիկ Մարկոսյանն ասաց. «Ուկրաինացի բանաստեղծ, անկախ պետականության մարտիկ Վասիլ Ստուսի պոեզիան առաջին անգամ ներկայանում է հայերեն թարգմանությամբ: Այս գործի կազմակերպումն իմ կյանքի կարեւոր նպատակներից է եղել: Այսօր ես հոգու պարտքը կատարած մարդու ուրախություն եւ թեթեւություն եմ զգում: Վասիլը հայերեն չգիտեր, բայց հաճախ ինձ խնդրում էր, որ բանաստեղծություններ կարդամ իր համար: Ասում էր՝ հայոց լեզուն աղոթքի պես է հնչում: Թող որ այս ընտրանին իր երկրի ազատության համար նահատակված ընկերոջս հայերեն հետմահու աղոթքը լինի»:

Ռ. Մարկոսյանը տեղեկացրեց, որ բացառությամբ Ռաֆայել Պապայանի թարգմանած մի քանի բանաստեղծությունների, Ստուսը ներկայացվում է առաջին անգամ: Գրքի թարգմանիչն է Երազիկ Գրիգորյանը:

«Խորհրդային տարիներին Ստուսի բանաստեղծությունները ոչ միայն չէին տպագրվում, այլեւ հետապնդվում էին, եւ այդ պատճառով դրանք արտագրվում եւ փոխանցվում էին ձեռքից ձեռք: Ստուսը հիմնականում ստեղծագործել է անազատության մեջ եւ հիմնականում՝ գաղտնի»,-ասում է նրա ձեռագրերը փրկած Ռ. Մարկոսյանը: Ըստ հայ քաղբանտարկյալի. «Մահվան ճամբարում» իր կյանքի վերջին շրջանն ապրող անուղղելի «խղճի կալանավորին» արգելել էին հարազատներին ուղղված նամակների մեջ բանաստեղծություններ գրել. «Մորդովիայի 19-րդ ճամբարում Ստուսի բանաստեղծություններից հիսունն իմ խնդրանքով արտագրել էր Վ. Օվսիենկոն, եւ ես կարողացա դրանք դուրս բերել: Նրա ձեռքով գրված տետրի բնօրինակը պահպանել եմ մինչ օրս, իսկ պատճենը ուղարկել եմ Եվհեն Սվերստյուկին»:

Ռ. Մարկոսյանն ասաց. «Ստուսը միշտ տոգորված էր իր սիրելի մարդկանց համախմբելու ցանկությամբ: Իրինա Կալինեցին ուղղված նամակներից մեկում նա գրել է, թե սիրահարված է հայերին: Իր մի այլ նամակում այսպես էր գրել. «Ի հիշատակ այն բանի, որ մենք մի օր եւ Պարույրը, եւ Ռազմիկը, եւ Սերգեյ Սոլդատովը, եւ Վյաչեսլավ Չերնովիլը միասին կնստենք Հայաստանի սարերում կամ Կարպատներում, հետո Կիեւում ու Երեւանում, եւ կտրվենք հիշողություններին: Ու կուրախանանք իրարով»:

Առանձնակի հուզմունքով ես կարդում Ստուսի բանտային քնարերգությունը, որոնք վավերագրություններ են, խորհրդային դանթեականն անցած մտավորականի նովելապատումներն են. «Իմ կյանքն արդեն գույքի վերածված, գրանցված է այն արդեն մաս առ մաս, ինչպես աղոթքները աղոթագրքում»:
Եվ կամ՝ «Ոհմակը գող ու կագեբեիստի, պաշտոնաթողի ու թալանչիի, մայրաքաղաքում խմբվել են նիստի, Բոլշեւիկների ականջը կանչի: Երբ հիսուն տարվա այս բանտի ներսում Շքեղ տոնում են կլոր տարեթիվ, էլ ինչ աղբ ասես, որ չի հավաքվում, Որ ստին հանձնեն աստծո պատիվ»:

Քառակուսիների էր բաժանվել խորհրդային ժամանակաշրջանի մարդու վիշտը, ու այդ քառակուսիներից դուրս բանտի ճնճղուկներն էին, որոնց ճռվողյունի մեջ հնչող երաշտահավի երգը նման է սպիտակ ձյան մեջի առվակի, որը կարկաչում է: Թախիծը հույսին էր ի պահ տրված, եւ ապագայի մտորումներում Ստուսն էր մարգարեացած՝ «Կգա մի օր՝ աշխարհը կլինի ուրիշ, Փշալար կտեսնեն միայն վատ երազում,
Ու նոր սերունդը իր ազատությանն անվիշտ, մեզ կփնտրի կրքոտ ներբողներով բազում»:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Հ.Գ- Ռազմիկ Մարկոսյանն ասաց, որ այս գիրքը նվիրված էր Անկախության 25-ամյակին եւ Ազգային միացյալ կուսակցության 50-ամյակին:

 

«Առավոտ»

07.06.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930