Ինչպես հայտնի է, 2014 թվականի հունվարին ՀՀ և ԵՄ միջև Վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի քաղաքացիների համար հնարավորություն ընձեռնվեց դյուրացված կարգով ստանալ Շենգեն վիզա: Ավելին, 13 խումբ քաղաքացիներ իրավունք ստացան ստանալ անվճար վիզա: Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը (ԳՏՀՎԿ) վերջին երեք տարիներին իրականացնում է Հայաստանի քաղաքացիների կողմից Շենգեն վիզաների ստացման իրավիճակի մշտական մոնիտորինգ (մոնիտորինգի արդյունքների հաշվետվությունները տե՛ս www.acgrc.am կայքում):
Իհարկե, վիզա ստանալու ճանապարհին մի շարք խնդիրների են բախվում ինչպես Հայաստանի քաղաքացիները, այնպես էլ Հայաստանում գործող եվրոպական երկրների հյուպատոսությունները, որոնք էլ տրամադրում են այդ վիզաները: Մեր մոնիտորինգը ցույց է տալիս, որ Հայաստանում գործող եվրոպական երկրների հյուպատոսությունները մեծ աշխատանք են կատարում վիզաների տրամադրման ընթացքում ծագած տեխնիկական և այլ տեսակի խնդիրների լուծման նպատակով: Սակայն, ցավոք, պետք է նշենք, որ վիզային կենտրոնների բացումից հետո, որոնք կոչված էին հեշտացնել վիզաների ստացման գործընթացը, իրավիճակը չի բարելավվում: Հետաքրքիր է նաև, որ մեր կազմակերպության հարցումներին պատասխանել են առանց բացառության բոլոր եվրոպական երկրների հյուպատոսությունները՝ բացի վիզային կենտրոնից:
Այդ կապակցությամբ ցանկանում ենք հայտարարել, որ ԳՏՀՎԿ-ն միանում է ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի սույն թվականի հունիսի 7-ին ՀՀ ԱԺ նիստին արված հայտարարությանը, որտեղ խիստ քննադատության ենթարկվեց վիզային կենտրոններից մեկի աշխատանքը:
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն