Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Բալասանյանը «Հանրապետական» կուսակցության թեկնածո՞ւ

Հունիս 07,2016 22:15

Գյումրու ՏԻՄ ընտրություններին մնացել է ընդամենը երեք ամիս, իսկ այս ընթացքում քաղաքապետի աթոռին հավակնողների թիվը կտրուկ ավելացել է: Հանրապետության այս ընչազուրկ քաղաքում, որտեղ անգամ կայուն բիզնեսն է փակվում. 10-20 տարվա խանութների դռներն են կողպվում, ու մարդիկ շարունակում են հեռանալ, օր-օրի կուսակցության գրասենյակներ են բացվում կամ նոր կուսակցություններ հիմնվում: Քաղաքապետի հավանական թեկնածուների շարքում շրջանառվում են նաեւ այնպիսի անձանց անուններ, որոնց անգրագիտության մասին ցնցող, զավեշտալի օրինակներ են պատմում: Այս թեմային կանդրադառնանք առաջիկայում:

Իսկ այսօր գյումրեցիներին ամենահետաքրքրող թեման այն է, թե ո՞ր կուսակցության ցուցակով է իր թեկնածությունն առաջադրելու երկու անգամ կուսակցականափոխ եղած Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Հիշեցնենք, որ ՀՀ Ընտրական օրենսգիրքը բավական անհարմարություններ է ստեղծել թեկնածուների համար. հանրապետության երկրորդ ու երրորդ քաղաքներում՝ Գյումրիում ու Վանաձորում, համայնքի ղեկավարի ընտրություններն անցկացվելու է համամասնական համակարգով, այսինքն` Երևանի մոդելով:

Չնայած այն հանգամանքին, որ Գյումրու քաղաքապետ Բալասանյանի շրջապատի մարդիկ ստեղծել են ՝«Գյումրեցու ոգի» անունը կրող կուսակցություն, դեռ մեկ ամիս առաջ Գյումրիում խոսակցություններ էին շրջանառվում այն մասին, որ Սամվել Բալասանյանը իր թեկնածությունը կառաջադրի ՀՅԴ ցուցակով:

Ըստ մեր տեղեկությունների, այս հարցում շահագրգիռ է Շիրակի նորանշանակ մարզպետ Հովսեփ Սիմոնյանը, որը մարզպետ դառնալու կարճ ժամանակահատվածում բավական մտերիմ հարաբերություններ է ստեղծել իր երբեմնի մրցակից Սամվել Բալասանյանի հետ: Դեռ մեկ ամիս առաջ մենք այս թեմայի շուրջ փորձեցինք պարզաբանումներ ստանալ Գյումրու քաղաքապետից, սակայն նա կրկնեց իր երբեմնի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հանրահայտ խոսքերը՝ «Այդ մասին հաջորդ դասին»:

Այժմ էլ Գյումրիում ակտիվ խոսակցություններ են շրջանառվում այն մասին, որ Սամվել Բալասանյանը «Հանրապետական» կուսակցության ցուցակն է գլխավորելու:

Aravot.am-ը դիմեց «Հանրապետական» կուսակցության Շիրակի մարզային կառույցի ղեկավար Սահակ Մինասյանին՝ հետաքրքրվելով, թե որքանո՞վ են իրականությանը համապատասխանում լուրերը, ՀՀԿ-ն սեփական թեկնածուով է հանդես գալու, թե՞ նախորդ անգամվա պես պարոն Բալասանյանին է սատարելու: Սահակ Մինասյանն ասաց. «Նման քննարկումներից ես տեղյակ չեմ, կլինի քաղաքական որոշում, կխոսենք»:

Ի դեպ, նշենք, որ ըստ մեր լավատեղյակ աղբյուրների, ՀՅԴ վերնախավը դեմ չի եղել, որ Սամվել Բալասանյանը հանդես գա իրենց կուսակցության ցուցակով, միայն պայման է դրել. ՀՅԴ-ով քաղաքապետ ընտրվելու դեպքում Սամվել Բալասանյանը խորհրդարանական ընտրություններին պիտի սատարի ՀՅԴ-ին:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Robo says:

    Բալասանյանը 2 չէ, 12 կուսակցություն է փոխել, կոմունիստներից սկսած հաշվեք, անգամ մի քանի որով ՀՀԿ- է եղել, դաշկցական Ռոմիկն էլ Բալասանյանի հետ ուտել-խմեռլուց աչք չի բացում, ամբողջ օրը միասին են

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930