Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանի առաջարկները բախվում են Հայաստանում ռուսական մենաշնորհներին

Հունիս 07,2016 22:00

Մենաշնորհների դեմ պայքարը Հայաստանում կարող է հաջողվել,
երբ այն սկսվի ռուսական մենաշնորհների վերացումից

«Երկաթգծի, գազի ու էլեկտրաէներգիայի ոլորտներում երկու երկրները կարող են բազմակողմանի նախագծեր իրականացնել տարածաշրջանի բոլոր երկրների հետ»,- հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Հայաստանի՝ իր գործընկեր Էդվարդ Նալբանդյանի հետ հունիսի 5-ին Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ: Նա նաեւ շեշտել է. «Չնայած տեղաշարժ է արձանագրվել երկու երկրների տնտեսական հարաբերություններում, սակայն դեռ ցանկալի մակարդակի չենք հասել, ուստի կարեւոր է այս հարաբերությունների ընդլայնումը»:
Այսինքն՝ եթե ժամանակին էներգետիկայի եւ բնական պաշարների նախկին նախարարները բազմանշանակ հայտարարում էին, թե գազի մատակարարման եւ տարանցման հետ կապված Իրանը «մեզ առաջարկ չի արել», եւ Սիբիրի անդաստաններից գազն ու նավթամթերքը Հայաստան բերելը «ձեռնտու» է, եւ Հայաստանում միայն եզակի մարդիկ էին դրան առարկում, ապա իրանցի պաշտոնյայի հայտարարությունն առնվազն հիմք է տալիս նորից անդրադառնալու հարցին: Եվ իրոք, իսկ հիմա ի՞նչ է ասելու եւ, ամենակարեւորը՝ ի՞նչ է անելու պաշտոնական Երեւանը:

Կարծես սրանից բխող գործողությունները պետք է լինեին միանշանակ: Պարզ է, որ երկաթուղային հաղորդակցության, գազի եւ էլեկտրաէներգիայի տարանցման բոլոր հնարավորություններն ունեցող Հայաստանը պիտի դեռ շատ վաղուց՝ օր առաջ ձեռնամուխ լիներ այդ նախագծերի շուտափույթ իրականացմանը: Սակայն պաշտոնական Երեւանի պարագայում, ինչպես փորձն է ցույց տալիս, «կյանքն ավելի բարդ է»:

Վերոնշյալ ոլորտները հայկական կողմը փուլ առ փուլ հանձնել է ռուսներին՝ բացատրելով, թե դա իբր բխում է մեր տնտեսական, ազգային անվտանգության շահերից, կամ, ինչպես երկաթուղու պարագայում՝ «ռուսներն ավելի լավ են կառավարում» ասելով: Իրականությունն այն է, որ Հայաստանն ու Իրանը չունեն որեւէ խնդիր՝ բացի մեկից, եւ այդ խնդիրը Ռուսաստանն է, խնդիր, որը ստեղծվել է Հայաստանի իշխանությունների մեղքով եւ անմիջական մասնակցությամբ: Գնդակն, ինչպես ասում են, հայկական դաշտում է, եւ իշխանությունները պարտավոր են այդ խնդիրը լուծել:

Հայաստանի կառավարությունը հերթական անգամ հայտարարել է, որ պայքար է սկսել ընդդեմ մենաշնորհների: Խոսում են շաքարից, ձեթից, բանանից: Լավ են անում: Նույնիսկ ծիծաղելի է, որ 21-րդ դարում այդ ոլորտները կարող են լինել ինչ-որ մեկի ձեռքում: Սակայն ավելի ծիծաղելի է, երբ բանանի ֆոնին քաղաքական դաշտում, բացի եզակի դեմքերից, ոչ ոք չի տեսնում եւ չի ուզում տեսնել գազի, նավթամթերքի շուկան եւ երկաթուղին: Մինչ օրս այդ ոլորտներին տրված է հնդկական կովի կարգավիճակ, դրանք անքննելի են, «բնական» մենաշնորհներ են համարվում:

Մոսկվան Բաքվին է քարշ տալիս Իրանի հետ եռակողմ բանակցությունների, որպեսզի իր ձեռքը վերցնի Իրանից դեպի հյուսիս գնացող բոլոր հաղորդակցությունները: Եվ Ադրբեջանն այստեղ Մոսկվայի թիվ մեկ դաշնակիցն է: Պարզ է, որ Հայաստանի պարագայում այդ հաղորդակցությունները կշարունակվեն դեպի Վրաստան, այնուհետեւ Սեւ ծով եւ կդառնան «հակառուսական», հետեւաբար Մոսկվայի ընտրությունը միանգամայն հասկանալի է: Անհասկանալի է, երբ պաշտոնական Երեւանն է կարկամել եւ որեւէ կամք չի դրսեւորում իրավիճակն իր օգտին բեկելու ուղղությամբ:

Վրաստանն ու Իրանը դեռ անցյալ տարի են պայմանավորվել համադրել ջանքերը հաղորդակցությունների զարգացման, տարանցման հնարավորությունների օգտագործման ուղղությամբ: Մասնավորապես, իրանական կողմն իր շահագրգռվածությունն է հայտնել վրացական ուղղությամբ իր էներգակիրները Եվրոպա արտահանելու վերաբերյալ, ձեռք են բերվել փոխադարձ պայմանավորվածություններ: Այստեղ միակ բացակայող օղակը Հայաստանն է, որտեղ «Գազպրոմի» մենաշնորհն է գազային ոլորտում, «Ռոսնեֆտի» մենաշնորհը՝ նավթամթերքի ներկրման ոլորտում, երկաթուղին ՌԺԴ-ինն է, որի կարկառուն ղեկավարը ժամանակին ասաց, որ Իրան-Հայաստան երկաթուղի կառուցելն «անիմաստ» է, դրան գումարած՝ Հայաստան-Իրան սահմանին կանգնած են ռուս սահմանապահները, որոնց հետ կապված՝ ոչ մի քաղաքական ուժ իշխանությունների առաջ պաշտոնապես հարց չի բարձրացրել. ինչո՞վ են նրանք այնտեղ զբաղված:

Փաստորեն, Հայաստանում մենաշնորհները սկսվում են ռուսական մենաշնորհներից, եւ պայքարը մենաշնորհների դեմ կընկալվի որպես հերթական «քամի», եթե այն չի շոշափում ռուսական մենաշնորհները: Եվ այդ պայքարի հաջողության ցուցիչը ոչ թե երկու-երեք բանան ներմուծողի շուկա ներս թողնելն է, այլ ռուսական մենաշնորհների կազմաքանդումը: Դրանից է նաեւ կախված, թե մեզ որքանով կհաջողվի օգտագործել Իրանի հետ մեր հարաբերությունների ահռելի հնարավորությունները: Ռուսաստանն այս հարցում մեր հակառակորդն է Ադրբեջանի հետ միասին: Այո՛, նրանք ուզում են շրջանցել Հայաստանը: Նրանք համատեղ ջանքերով փորձում են Իրանին ցույց տալ Հայաստանի «անհեռանկարայնությունը»՝ ի չիք դարձնելով վրաց-իրանական պայմանավորվածությունները: Եվ ցույց կտան, եթե Երեւանը հակառակը չապացուցի, ամբողջությամբ չբացի իր հնարավորությունները ենթակառուցվածքային նախագծերին ընդառաջ: Ազատ, առանց այցագրերի ելումուտը բավարար չէ: Արաքս գետի վրա պետք է լինի հայ-իրանական, այլ ոչ թե դե-ֆակտո ռուս-իրանական սահման, ինչն էլ Հայաստանին շարունակում է պահել դե-ֆակտո ռուսական «չուլանի» կարգավիճակում:

 
ՌՈՒԲԵՆ ՄԵՀՐԱԲՅԱՆ

«Առավոտ»

07.06.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հրաշալի են բառային այս դիպուկությունները՝ 1. ՀՆԴԿԱԿԱՆ ԿՈՎԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ, 2.ՌՈՒՍԱԿԱՆ ՉՈՒԼԱՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ: Կեցցե հեղինակը:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930