Գյումրեցի ազատամարտիկ Գեւորգ Ալիխանյանը Արցախում վերջին օրերին սկիզբ առած լարվածության մեջ մեղադրում է ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանին: «Պատերազմող, իր ազատության համար պայքարող երկրի մայրաքաղաքում չի կարելի ներքաղաքական անկայուն վիճակ ստեղծել: Եթե Սամվել Բաբայանը վերադառնալու էր, թող վերադառնար ապրիլի 1-ին, ու ինչպես Գրիգորյան Մանվելը, Արաբոյի Մանվելը, գեներալ-լեյտենանտ Գագիկ Մելքոնյանը, ջոկատներ հավաքեր, ժողովրդի հետ գնար Արցախը պաշտպանելու: Թող ինքն էլ գար, ջոկատ կազմեր, ինքն էլ մասնակցեր, ոչ թե որեւէ տաքուկ անկյունում սպասեր, հիմա գար ու դատողություններ աներ: Ինքը նորություն չի ասում, ինչ-որ ասում է, ժողովուրդն անգիր գիտի: Եվ ինչ-որ անկայուն վիճակներ ստեղծելը մեր ժողովրդի շահերից չի բխում, մենք այսօր այնպիսի իրավիճակում ենք կանգնած, որ դիվանագիտական մի սխալի պատճառով կարող է պետականություն կորցնենք, հայրենիք կորցնենք»:
Մեր ճշտող հարցին՝ մի՞թե Սամվել Բաբայանը իրավունք չունե՞ր վերադառնալ իր հայրենիք ու մի՞թե նա է մեղավոր, որ Արցախում ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանին են ծեծի ենթարկում կամ Արցախի ժողովուրդը հենց իրեն է տեսնում ԼՂՀ պաշտպանության նախարարի պաշտոնում, Գեւորգ Ալիխանյանն ասաց. «Տհաճ երեւույթ է, որ պատգամավորի են ծեծում, բայց ես հարցին այլ կողմից կնայեի, ո՞վ ստեղծեց այդ ինտրիգը, իհարկե՝ Սամվել Բաբայանը: Իրավունք ունե՞ր Սամվել Բաբայանը նմանատիպ պրովոկացիաների գնալ: Բան չունեմ ասելու, Խանումյանը իր մոտիկն է, իր ընկերն է, իր չգիտեմ ինչն է: Ի՞նչ է նշանակում այս ծայրաստիճան լարված, լուրջ իրավիճակում քննարկել պաշտպանության նախարար փոխելու հարցը: Երբ Մադրիդյան սկզբունքների միայն մի հարցն է քննարկվում՝ խաղաղ ճանապարհով բանակցություններ սկսելը, հանկարծ գալիս է ժամանակին տեխնիկական զննման ինչ-որ աշխատակից՝ հետագայում գեներալ դարձած եւ փորձում է անկայունացնել վիճակը: Արցախում այս ամեն ինչը տեղի ունեցավ Սամվել Բաբայանի Ստեփանակերտ գնալուց հետո, թե իրականությունը ո՞րն է, թաքնված ենթատեքստեր կան, դա կարծում եմ Ղարաբաղի իրավապահ մարմինները ի վիճակի են բացահայտել:
Թե ինչի՞ց դրդված Խանումյանն այդ հայտարարությունն արեց, ինչո՞ւ ապրիլյան այս պատերազմի օրերին Խանումյանը լուռ էր ու հանկարծ Բաբայան Սամվելի գալուց հետո ելավ, էդպիսի առաջարկություն արեց: Պատերազմող երկրում պաշտպանության նախարար հանել, փոխել, զինվորական գործից հասկացող յուրաքանչյուր անձնավորություն շատ լավ պատկերացնում է, թե դրա հետեւանքներն ինչ կարող են լինել: Մենք ինչ է, ուզո՞ւմ ենք Ադրբեջանին ծիծաղեցնել մեր վրա: Ուրիշ ժամանակ հայտարարություններ են անում, թե անգամ ֆեյսբուքում բան մի գրեք, բանակին մի քննադատեք, թշնամին քնած չէ, մոռացե՞լ է, որ թշնամին քնած չէ, եթե հարցեր կան, այդ հարցերը կարելի է ավելի մեղմ ճանապարհով լուծել, ոչ թե ԱԺ-ում հարց բարձրացնել, թե եկեք Սամվել Բաբայանին բերենք պաշտպանության բանակի հրամանատար»:
Մեր դիտարկմանը, թե Սամվել Բաբայանը ինքն է հայտարարել, որ նպատակ չունի ՊՆ նախարար նշանակվել, Գեւորգ Ալիխանյանն ասաց. «Ես նայել եմ Սամվել Բաբայանի հարցազրույցը, ինքն երեւի «Ընտրական օրենսգիրքն» էլ լավ չի պատկերացնում, ասեց, թե ես երկար ժամանակ Հայաստանից բացակայել եմ, Հայաստանում քաղաքականությամբ զբաղվելու ժամանակ չունեմ, բայց ես որպես հայ իրավունք ունե՞մ օգնելու: Սամվել Բաբայան, ո՞վ քեզ չի թույլատրում օգնել բանակին, բայց դրա համար հանրահավաք է պետք կազմակերպե՞լ, թե՞ ընդամենը գեներալ մյուս տղաների նման դիմել ՊՆ նախարար Սեյրան Օհանյանին, ասել՝ հարգելի Օհանյան, ես ի՞նչ կարող եմ անել մեր սահմանների համար, ասա, անեմ, թե՞ թույլ չէր տալիս իր ինքնասիրությունը… Կամ էլ, ես հակված եմ մտածելու՝ սա շատ ավելի խորը արմատներ ու ենթատեքստեր ունի, մանավանդ որ ի նկատի ունենաք Սամվել Բաբայանը Ռոբերտ Քոչարյանի կադրերից է: Մի կողմից Գեւորգյան Արմենը ՝ ԱԱԽ քարտուղար, մյուս կողմից Բաբայան Սամվելը: Երեւի թե կարիճը փորձում է նորից իր ճիրանները գցել, բայց չի ստացվի, որովհետեւ ժողովուրդը 98 թվականի ժողովուրդը չէ, ամեն ինչ հասկանում է», -ասում է Գեւորգ Ալիխանյանը:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Սուր պատերազմական վիճակի մէջ՝ տեղի ունեցաւ փողոցային հաւաք, որու ընթացքին կոչ ուղուեցաւ որ Սամվել Բաբայանը նախարար նշանակուի, ապա թէ ոչ՝ յաջորդ հաւաքի նպատակը լինելու է պահանջել Նախագահի հրաժարականը:
https://www.aravot.am/2016/06/05/700683/
(«Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը հայտարարեց, որ եթե Բակո Սահակյանն իրենց չընդունի, հաջորդ անգամ իրենք կհավաքվեն նախագահի հրաժարականի պահանջով: )
Եթէ այդ հաւաքը Պարոն Հայկ Խանումյանի խելապատիկէն ելած նախաձեռնութիւն մըն էր, ապա Սամվել Բաբայանը պատասխանատւութիւն չունի անոր կերած ծեծին մէջ:
Սակայն եթէ սոյն հաւաքը Բաբայանի կողմէ ձեւ մըն էր «գետինը շոշափելու», պասենի ջրի խորութիւնը ստուգելու՝ մէջը նետուելէ առաջ, այդ պարագային, երեւի պատասխանը ստացաւ, նոյն Խանումեանի ճամբով…
Շատ ցաւալի է Պարոն Խանումեանի ստացած ծեծը:
Սակայն իրողութիւն է որ որեւէ այլ երկրում,
նոյնանման պայմանների մէջ,
կացութիւնը կարող էր շատ աւելի ողբերգական լինել:
Նաեւ ըսենք որ բաւական տպաւորիչ է վէրքերու չափը, նկատի ունենալով որ ասում է թէ 20 անձեր միասնաբար ծեծեր են զինք: Եւ լաւ գիտենք թէ ինչպիսի մարմնային չափ կ’ունենան այդ գործը կատարողները: Ի դէմ, երեւի մի քիչ աւելի նրբակազմ այս մարդուն…
Ի դէպ, չգիտեմ ինչու ոչ ոք չուզեց նկատել որ Խանումեանի ֆէյսպուքեան յայտարարութեան վերջին տողը՝ հակադարձ բրտութեան սպառնալիք կը բովանդակէ:
https://www.aravot.am/2016/06/06/701007/
«Ինձ ծեծողներից 7-ին ճանաչում եմ, նրանց տվյալները ընկերներս ճշտում են,
տվյալները կփոխանցվեն մեկ այլ ընկերների»
Եւ ի՞նչ են անելու արդեօք այդ խորհրդաւոր «մեկ այլ ընկերները»…
Կեցուածքի ընդհանուր անմտութենէն անդին, զարմանալի է որ այդ ձեւով է արտայայտվում անձ մը որ իր առաքելութիւնը կը նկատէ Օրէնքի Գերակայութիւնը հաստատել Արցախում: Ուրեմն, ծեծ մը, եւ արդէն կը փարատին բոլոր վեհ ու ազնուական սկզբունքնե՞րը…
Համայն Հայութիւնը կը յուսայ որ աւելի հեռու չ’երթար այս պատմութիւնը:
Անցած ըլլայ Պարոն Խանումեանին, բարի ապաքինում: