Տավուշի մարզի Դովեղ գյուղում` երեխաների պաշտպանության օրը, փակվել է գյուղապետարանի ենթակայության տակ գտնվող նախակրթարանը: Այն ծառայում էր որպես մանկապարտեզ, որտեղ փոքրիկ երեխաները առավոտյան 9:30-14:00 խաղում էին, թեթեւ սնվում` թեյ, հաց ու պանիր, սովորում ոտանավորներ, երգեր եւ նախապատրաստվում դպրոց գնալուն:
Փոխարենը սեպտեմբերից գյուղի դպրոցում գործելու է նոր նախակրթարան, որտեղ էլ չի աշխատի մինչ այժմ գործող նախակրթարանի տնօրենը:
Արդեն փակված նախակրթարանի տնօրեն Էմիլիա Դուրինյանի խոսքով` համ տնօրեն է եղել, համ երեխաներին խնամող, երեխաներին պահել է խառը խմբով, նույնիսկ տակդիրով երեխա է պահել: 2004 թվականից ավագանու անդամ լինելով տիկին Դուրինյանը պայքարել է, որ գյուղում փոքրիկները ունենան մի անկյուն, քանի որ գյուղի մանկապարտեզը փակվել էր 1994 թվականին` պատերազմի հետեւանքով` շենքը տրվել է վաշտի ծառայությանը եւ մինչեւ 2007 թվականը գյուղը չի ունեցել որեւէ մանկական հաստատություն:
Կարդացեք նաև
«2007 թվականից, 9 տարի է աշխատում եմ, հույս ունենալով, որ ի վերջո մանկապարտեզ կբացվի, բայց ի պատասխան լսել եմ` բյուջե չկա, դոտացիան չի հերիքում, այդ պատճառով էլ չենք կարող մանկապարտեզ պահել: Ես նվիրված եմ գյուղի երեխաներին, իմ միակ նպատակն էր, որ այստեղ մանկապարտեզ բացվեր, բայց այսքան տարի աշխատեցի, սպասելով, որ մեկը կասի` դե լավ, բերեք մի հատ փոքրիկ մանկապարտեզ կառուցենք` թեկուզ 3 աշխատողով: Այդ ինչքա՞ն քիչ է դոտացիան, կառավարության միջոցները ինչքան սո՞ւղ է, որ սահմանամերձ գյուղում չի կարողանում մի հատ մանկապարտեզ բացել»-ասաց Էմիլյա Դուրինյանը, որին հանդիպեցինք արդեն փակված նախակրթարանում:
Նշենք, որ հունիսի 2-3-ը լրագրողների այցը Գեղարքունիքի եւ Տավուշի մարզեր կազմակերպել էր «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն»-ը:
Մանրամասները կարդացեք վաղվա «Առավոտ»-ի համարում:
Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ