«Չնայած՝ տարբեր մեկնաբանություններ կան Հայաստանում, որ Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը քաղաքական որոշում էր, Գերմանիան իր շահերից ելնելով դա արեց, այնուամենայնիվ, փաստաթուղթը միջազգային իրավունքի առումով շատ կարևոր երևույթ էր: Չի կարելի չգնահատել այն կարևոր մարդկային բովանդակությունը, որ իր մեջ կրում է այդ քայլը»,- Բունդեսթագի ընդունած հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւի մասին այսօր «Հայելի» ակումբում ասաց Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:
Նրա գնահատմամբ, դա մեծ ազգի մեծ որոշում էր և կապված էր ոչ միայն՝ 100 տարի առաջ Թուրքիայի վարած քաղաքականության հետ, այլև՝ ինքնաքննադատություն ու մեղայական էր: Դեսպանի համար դա սպասելի էր:
«Վերջին շրջանում մեր դիվանագիտական վրիպումների ֆոնին սա շատ լավ քայլ էր Գերմանիայի կողմից:Մեր դիվանագիտությունը որոշակի քայլեր պետք է կատարի: Առաջին հերթին՝ ԱԳՆ-ն պետք է իներցիայի ուժով շարունակի ճանաչման գործընթացը և ջանքեր գործադրի նաև Մեծ Բրիտանիայում, որտեղ մենք ունենք շատ լավ դեսպան՝ Արմեն Սարգսյանը: Պետք է Եվրոպայի ուշադրությունը հրավիրել Հարավային Կովկասի վրա ու ասել՝ տեսեք, դուք Թուրքիայի արարքը դատապարտեցիք, բայց Թուրքիայից պակաս ստոր քաղաքականություն չի վարում նաև Ադրբեջանը»,- շարունակեց դեսպանը:
Նրա խոսքով, Ադրբեջանը, փաստորեն, փորձում է կատարել երկրորդ ցեղասպանությունը, ու մենք կարող ենք դա օգտագործել ու Եվրամիությանը նպատակամղել՝ լուծել Ղարաբաղի հարցը՝ ելնելով արդարության ու միջազգային իրավունքի սկզբունքներից. «Ամենայն հավանականությամբ, անգլիական խորհրդարանը ևս մոտ ժամանակներում կճանաչի Հայոց ցեղասպանությունը: Բացի այդ, պետք է դրդել Ֆրանսիային ընդունել քրեականացման բաղադրիչը, որից նա ժամանակին հրաժարվեց: Այս ամենին զուգահեռ՝ Հայաստանը պետք է բարձրացնի նաև փոխհատուցման հարցը: Բոլոր գործընթացները փաստում են՝ տեսանելի ապագայում Թուրքիան կործանվելու է»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ