Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ջհանգիրյանի զայրույթն ու կոչը՝ բանակի հետ առնչվող խնդիրների վերաբերյալ

Հունիս 07,2016 18:32

Ապրիլյան պատերազմը պաշտպանության ոլորտում մի շարք խնդիրներ ի ցույց դրեց: Այդ մասին այսօր ԱԺ հայտարարությունների ժամին խոսեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը:

Նա դժգոհեց, որ «եթերից այս օրերին քննարկվում են բանակի սպառազինության կարիքները, թիկունքային ծառայությունների մատուցման քանակն ու որակը, մարտական հերթապահության բացթողումները, առաջնագծի համալրման անհրաժեշտությունը, ինչով ակամա վտանգվում է առաջնագծում կանգնած զինվորն ու սպան: Երեւույթը հատկապես հարիր չէ զինված ուժերում բարձրագույն պաշտոններ զբաղեցրած, բանակի շինարարության գործում ներդրում ունեցած անհատների համար: Կոչ եմ անում, խնդրում եմ, դադարեցնենք բանակի բացթողումների, թերությունների հրապարակային բարձրաձայնումը»:

Այս կոչը կարծես անուղղակի ուղղված էր Սամվել Բաբայանին, որն իր հարցազրույցում անդրադարձել էր հենց այդ խնդիրներին՝ առաջնագծի համալրմանը, թիկունքային ծառայությունների մատուցմանը:

Գագիկ Ջհանգիրյանն առաջարկեց նաեւ իշխանություններին, որ այդ ոլորտում գիտելիքներ ու փորձ ունեցողների հետ քննարկումներ կազմակերպելու ձեւաչափ գտնեն:

Նա խոսեց նաեւ իր գնահատմամբ՝ բացարձակապես անհանդուրժելի մի երեւույթի մասին եւս. «Հետապրիլյան օրերին սահմանային զորամասեր, դիրքեր այցելելը կարեւոր էր զինվորին ու բանակին ոգեւորելու, նրան համախմբված ժողովրդի աջակցությունը փոխանցելու համար: Բայց երբ համացանցով դիտում ես, թե ինչպես են սահմանային զորամասեր այցելած պաշտոնյային, արվեստի գործչին, մեծահարուստին կամ պատգամավորին դիմավորում հրապարակում կանգնած զինվորական ստորաբաժանումները՝ զայրույթը թաքցնել հնարավոր չէ: Զինվորական ո՞ր կանոնագրքով կամ պաշտպանության նախարարի ո՞ր հրամանով է նախատսված զինվորական պատվի ու ընդունելության արժանացնել ԶՈՒ-ի հետ կապ չունեցող որեւէ մեկին: Ո՞վ է իրավունք տվել վիրավորել մեր զինվորականի պատիվն ու արժանապատվությունը»: Այս տողերով էլ նա, կարծես թե, անդրադարձավ Արմենչիկի, Սամվել Ալեքսանյանի եւ այլոց արարքներին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930