Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ամերիկահայ համայնքն այնքան ակտիվ է, որ էլ ասելու չէ». Հարութ Բալյան

Հունիս 07,2016 18:20

Հուլիսի 1-ին Մարզահամերգային համալիրում կկայանա ամերիկաբնակ երգիչ Հարութ Բալյանի երևանյան մենահամերգը: Համերգի ողջ հասույթը կփոխանցվի քառօրյա պատերազմում հերոսաբար զոհված հերոսների եւ այսօր սահմանին կանգնած հայ զինվորների ընտանիքներին: Կայանալիք համերգի մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց Հարութ Բալյանը:

Երգչի երևանյան վերջին մենահամերգից անցել է 6 տարի, նա այս համերգային ծրագրով մենահամերգ է ունեցել նաև ԱՄՆ-ում, սակայն այս մեկը մի փոքր կտարբերվի. «Վերջին երևանյան մենահամերգից հետո անընդհատ կային ծրագրեր՝ ևս մեկ մենահամերգ ունենալ: Համերգը սկզբում այլ նպատակ ուներ, բայց ապրիլյան վերջին դեպքերից հետո որոշեցինք, որ համերգը լինելու է բարեգործական, և ստացված հասույթը փոխանցելու ենք սահմանում զոհված հերոսների եւ այսօր սահմանին կանգնած հայ զինվորների ընտանիքներին»:

Երգիչը նշեց, որ երգացանկը գրեթե նոր է. «Սիրված երգեր, կենդանի հնչեղություն: Բոլոր երգերը իմ երգացանկից են, բայց ծրագրի մեջ ներառված են նաև ժողովրդական երգեր, անգլերեն լեզվով երգեր: Կլինեն զուգերգեր,  սա նաև հնարավորություն և լավ առիթ է  ինձ համար 6 տարի անց հանդիպել հայաստանյան հանդիսատեսի հետ: Հավաքվել է տաղանդավոր և պրոֆեսիոնալ խումբ, որոնց հետ պայմանավորվել ենք համագործակցել ապագայում»:

Aravot.am-ի` վերջերս երգիչ Արմենչիկի` զինվորներին բաժանած օգնության վերաբերյալ հակասական կարծիքների մասին իր մեկնաբանության հարցին` Հարութ Բալյանը պատասխանեց. «Արմենչիկն իմ մանկության ընկերն է, մենք իրար հետ ենք մեծացել: Ինչպես ես, այնպես էլ Արմենչիկը, ապրելով ԱՄՆ-ում մոտ 26-27 տարի, մեզ վրա պարտականություն ենք վերցրել ինչ որ մի ձևով` կլինի փոքր, թե մեծ, օգնել մեր հայրենիքին: Չգիտես ինչու նրա քայլը սխալ մեկնաբանվեց ու հասկացվեց հասարակության կողմից: Բայց այն, ինչ արեց Արմենչիկը, իր սրտից էր գալիս: Այսինքն եթե մի զինվորի կամ հայրենիքիդ, բարեկամիդ, հարևանիդ ինչ որ փոքր բանով կարողանում ես օգնել, դա չի կարելի այլ կերպ ներկայացնել»:

Aravot.am-ի հետ զրույցի ժամանակ երգիչը նշեց, որ ամերիկահայ համայնքը շատ ակտիվ է և պատրաստ է ֆիզիկապես և նյութապես օգնել սահմանին կանգնած տղաներին, Արցախին. «Ամերիկահայ համայնքն այնքան ակտիվ է, որ էլ ասելու չէ: Ունենք ԱՄՆ-ից մարդիկ, որ եկել են այստեղ, գնացել Ղարաբաղ, նյութական և հոգեկան օգնություն են ցույց տվել: Թե սոցիալական կայքերով, թե լրատվամիջոցներով ամեն վայրկյան հետևել ենք, որ իմանանք` ինչ է կատարվում, կարողանանք ինչ որ բանով օգնել: Ամեն մարդ ինքն իր չափով պատրաստ է աջակից լինել. ես էլ իմ օգնությունն այս կերպ եմ ցույց տալիս»:

Արփի ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930