Հյուսթոնում անցած աշնանը կայացած ծանրամարտի աշխարհի առաջնությունում պոկում վարժության (203 կգ) փոքր բրոնզե մեդալակիր, գերծանր քաշային Գոռ Մինասյանը երկամարտի 437 կգ արդյունքով զբաղեցրել էր 4-րդ հորիզոնականը: Սակայն դրանից մի քանի ամիս անց ՎԱԴԱ-ն չեմպիոնի կոչումը նվաճած ռուսաստանցի Ալեքսեյ Լովչեւի դոպինգ անալիզում արգելված նյութ էր հայտնաբերել:
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան պաշտոնապես հայտարարել է Լովչեւի որակազրկման մասին: Նա պետք է մեդալը վերադարձնի: Հետեւաբար, մեր Գոռ Մինասյանը հռչակվում է աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:
Գոռ Մինասյանը չէր ընդգրկվել 2015 թ. Հայաստանի 10 լավագույն մարզիկների ցուցակ: Բայց եթե Լովչեւի խարդախությունը ավելի շուտ բացահայտվեր, նա անպայման 10-յակում իր տեղը կունենար:
Երեկ ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանն արժանիորեն գնահատել է ծանրորդի մարզական արդյունքը եւ նրան ավտոմեքենա է նվիրել: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի լրատվական ծառայությունը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները՝ armnoc.am-ի