«Թերությունները, բիզնեսին խանգարող հանգամանքները կբարձրաձայնենք, կտեսնենք, թե ոնց կընդունվի կառավարության կողմից: Ես կարծում եմ, որ կառավարությունն էլ շահագրգռված է, որպեսզի լավ օրենսգիրք ունենանք: Ես համոզված եմ դրանում, որովհետև դրանից կախված է մեր տնտեսության, բիզնեսի ապագան»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Կիլիկիա» գարեջրի գործարանի սեփականատեր, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը`անդրադառնալով խորհրդարան ներկայացված Հարկային օրենսգրքի նոր փաթեթին: Պատգամավորը երեկ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում խիստ քննադատել էր այդ նախագիծը`ասելով, որ այդպիսով խեղդում են բիզնեսին: «Այն երկրում, որտեղ որ բիզնեսը չի զարգանոմ, կամ թույլ զարգացած է, այդ երկիրը չի կարող զարգանալ: Դա բոլորս էլ շատ լավ հասկանում ենք և չեմ կարծում, որ որևէ կառավարության անդամ դրան դեմ է»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց նա:
Պատգամավորին վրդովվեցնում են նաեւ նախագծի ընդունման համար նշանակված սեղմ ժամկետները. «Հարկային օրենսգիրքը բավականին հաստափոր փաստաթուղթ է, և տաս-քսան օրում այն ամբողջությամբ ուսումնասիրել հնարավոր չէ»: Նա հավելեց, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել կառավարության հետ` երկու ամսվա ընթացքում առաջարկություններ ներկայացնելու համար:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ