Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարկուտը ոչ մի բան չի անտեսել, ամեն ինչ հավասար կործանել է»

Հունիս 07,2016 17:28

«Կարկուտը ոչ մի բան չի անտեսել, ամեն ինչ հավասար կործանել է»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Արմավիրի մարզի Դաշտ գյուղի համայնքապետ Հրանտ Պետրոսյանը` սրտնեղելով, որ այս տարի էլ գյուղացին մնաց ձեռնունայն:

Այս մարզի Դաշտ, Դողս եւ մի քանի այլ գյուղեր անցյալ շաբաթ օրը տեղացած ուժեղ կարկուտից ամենաշատ վնաս կրած համայնքներն են: Դաշտ գյուղում ծիրանի բերքը ցրտահարվել էր ապրիլին, օրերս էլ կարկուտից ոչնչացել են գյուղի 5 հեկտար խաղողի այգիները, 28 հեկտար բանջարանոցային կուլտուրաները` պղպեղ, լոլիկ, բադրիջան, լոբի եւ այլ մշակաբույսեր: Տուժել են նաեւ գյուղացիների 10 հեկտար դեղձի այգիները: Սալորը, ընկույզը եւ այլ մրգեր նույնպես կարկտահարվել են:

Ըստ գյուղապետի՝ որոշ չափով փրկվել է գերվաղահաս կարտոֆիլի ցանքատարածությունը, սակայն միջահասն ու վաղահասը` ոչ:

Մոտ 60 տոկոսով էլ վնասվել են Դողս գյուղի այգիները: Գյուղապետ Մեսրոպ Ադամյանը սակայն մեզ հետ զրույցում չկարողացավ հստակ թիվ նշել, թե այս անգամ գյուղացիների կրած վնասները որքան գումարի են, ասաց` հաշվարկվում են: Այս գյուղում ցորենի ցանքատարածությունը 40 տոկոսով է տուժել, որոշ բանջարանոցներում էլ բերքի 80-90 տոկոսն է ոչնչացել:

«Կարկուտն ինչին կպել է՝ վնասել է, եթե տակը չի էլ թափել, ապա, ծառի վրա մնացածն էլ, բանի պիտանի չէ»,-ասաց Մեսրոպ Ադամյանը:

Ագրարագյուղացիական միավորման» նախագահ Հրաչ Բերբերյանի տվյալներով, վերջին կարկտահարություններից տուժել է 20-25 համայնք: Գյուղատնտեսության նախարարությունը կարկուտի պատճառած վնասները դեռ հաշվում է` մարզպետարաննեից ստացվող տվյալներով: Այսօր այս առիթով ասուլիս հրավիրած Հրաչ Բերբերյանն ասաց, որ իր հաշվարկներով այդ գյուղերի բնակիչները մեկ միլիարդ դրամի վնաս են կրել: Ըստ նրա, մասնավորապես` տուժել են Արմավիրի, Արարատի մարզի գյուղերը, Ապարանի տարածաշրջանը:

Hrach_Berbewryan«Ողորմելի վիճակ է, այգիները, կարտոֆիլի ցանքատարոծություններն ուղղակի ոչնչացել են»,-ասաց պարոն Բերբերյանը` մտահոգություն հայտնելով, որ եւս մեկ անգամ էլ ապացուցվեց, որ հակակարկտային կայանները ի վիճակի չեն բնական աղետից գյուղացուն պաշտպանելու: Հրաչ Բերբերյանը գտնում է, որ այդ կայաններն այսօր տաս տոկոսով էլ չեն պաշտպանում գյուղացու բերքը, մինչդեռ, եթե սահմանված քանակով եւ որակով արկեր գնվեն, կայանների արդյունավետությունը 80-85 տոկոս կլինի:

Գյուղոլորտի մասնագետը սակայն վստահեցնում է, որ ամենաարդյունավետ պաշտպանությունը ցանցային համակարգն է, որն անցկացված է արգենտինահայ Էդուարդո Էռնեկյանին պատկանող այգիներում եւ լիարժեք պաշտպանում է բերքը:
Հրաչ Բերբերյանի խոսքերով, եթե կառավարությունն ուզի, ապա այն կարող  է ներդնել նաեւ սովորական գյուղացու այգիներում` դրա գումարը մտցնելով հողի եւ այլ հարկերի մեջ, սակայն չի անում: Պարոն Բերբերյանի տվյալներով, մեկ հեկտարը ցանցապատելու համար օրինակ` կպահանջվի 3000 եվրո գումար, եթե ընտրեն իտալական արտադրության ցանցը: Ըստ նրա նաեւ Հայաստանում կարող ենք արտադրել նմանատիպ ցանցեր, որոնց հիմքը բազալտի եւ պղնձի թափոններն են: Ինչպես վստահեցրեց Հրաչ Բերբերյանը, մեր երկրում արտադրելու պարագայում, գյուղացու վրա հակակարկտային ցանցային համակարգը երկակի էժան կնստի:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930