Հունիսի 6-ին կարկուտ տեղաց Նոյեմբերյանի տարածաշրջանում: Տավուշի մարզում «Հայկական միրգ» ընկերության ներկայացուցիչ, Նոյեմբերյանի տարածաշրջանի Պտղավան գյուղի բնակիչ Սպարտակ Զաքարյանին հարցրինք, թե կարկուտը որքա՞ն վնաս է պատճառել պտղատու այգիներից ակնկալվող բերքին: Նա ասաց, որ հունիսի 6-ին Դեբեդի հովտում կարկտահարությունը երկար չի տեւել, սակայն որոշ վնաս է պատճառել եւ հավելեց. «Այս տարի արդեն 3 անգամ կարկուտ է տեղացել: Կարկտահարության ամեն դեպքից հետո այգիների բերքը 10-20 տոկոսով նվազում է»: Նա հայտնեց, որ այդ պատճառով այս տարի Դեբեդի հովտում սալորի, կեռասի, խնձորի, դեղձի այգիների բերքը սակավ է լինելու: Կարկտահարությունից պտուղը, եթե անգամ ծառից չի ընկնում, սեւանում է, հասունանալով՝ կորցնում ապրանքային տեսքը:
Պտղավան գյուղում գործում է հակակարկտային 3 կայան: Ս. Զաքարյանին հարցրինք, թե դրանք չե՞ն կարողանում կարկուտի «դեմն առնել»: Զաքարյանն ասաց, որ այդ կայանները կարողանում են չեզոքացնել կարկտամբեր ամպերի մի մասը, դրանց զարկերը չեն կարող բերքը փրկել կարկտից: Եվրոպայում նման կայանների աշխատանքն անարդյունավետ է համարվել եւ այնտեղ հրաժարվել են նման կայաններից: «Հայկական միրգ» ընկերության ներկայացուցչի խոսքերով՝ Եվրոպայում կարկտահարությունից այգիների բերքը փրկելու համար օգտագործում են հակակարկտային ցանցեր: Նա ասաց, որ «Հայկական միրգ» պետական ընկերությունը Դեբեդի հովտում 23 հեկտար պտղատու այգի ունի, որից 4,5 հեկտարը ոռոգվում է կաթիլային եղանակով: Կաթիլային եղանակով ոռոգվող 4,5 հեկտար այգիների համար 45 հազար դոլարով Իտալիայում ձեռք են բերվել հակակարկտային ցանցեր, որով պատվելու են այդ այգիները: Ս. Զաքարյանի համոզմամբ՝ կարկտից բերքի միակ փրկությունը հակակարկտային ցանցեր են:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ