Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ադրբեջանը երբեք չի մտնի Թուրքիայի կազմի մեջ որպես կախյալ գավառ». Ալեքսանդր Սաֆարյան

Հունիս 07,2016 16:42

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի թյուրքագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ալեքսանդր Սաֆարյանը հունիսի 7-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում տեղեկացրեց, որ ըստ թյուրքագիտության ամբիոնի մոնիթորինգի` թուրքական եւ ադրբեջանական ԶԼՄ-ները, վերլուծական կենտրոնները, քաղաքական եւ հասարակական գործիչները ծայրահեղ բացասական եւ ջղագրգիռ են արձագանքել Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւի  ընդունմանը. «Դա խոսում է Թուրքիայում եւ Ադրբեջանում որոշակի խառնաշփոթի, մյուս կողմից` Բունդեսթագի որոշման բացառիկ կարեւորության մասին, ինչը դժվար է գերագնահատել եւ պետք չէ թերագնահատել»:

Բանախոսը նկատեց, որ ադրբեջանական լրատվամիջոցները Բունդեսթագի որոշումը փորձում են վերլուծել գերմանացի փիլիսոփա, պատմաբան Օսֆալդ Շպենգլերի «Եվրոպայի մայրամուտը» նշանավոր գրքի գաղափարական համատեքստում. «Դրանով հեղեղված են ադրբեջանական կայքերը, որոնք Բունդեսթագի որոշումը փորձում են դիտարկել որպես «Եվրոպայի մայրամուտի» դրսեւորում: Ոչ, այն խոսում է Եվրոպայի վերակենդանացման եւ ամենածանր մարտահրավերներին նորովի պատասխան տալու մասին: Շպենգլերի արտահայտած «Եվրոպայի մայրամուտը» հետաձգվում է` ի հակադրություն թուրքական եւ ադրբեջանական որոշ ծայրահեղականների»:

Թուրքագետի համոզմամբ` հայկական կողմը Բունդեսթագի ընդունած փաստաթուղը պետք է օգտագործի թուքական եւ ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից տարվող հակահայկական քարոզչության դեմ` հակահայկական «իմիջը» չեզոքացնելու տեսանկյունից: Սաֆարյանի կարծիքով` առաջիկայում հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական գիտական շրջանակների շփումները բացառված չեն. «Թուրքական կողմից արգելքներ են եղել հենց իրենց կողմից, իսկ ադրբեջանցիներն առհասարակ վախվորած դիրքորոշում ունեն մեր հետ անգամ միջազգային հարթակներում շփվելու հարցում: Իսկ մենք երբեւէ խնդիր չենք ունեցել ադրբեջանցի գիտնականների հետ հանդիպելու եւ շփվելու: Այդ իրենք են, որ մեզ տեսնելիս ցուցադրաբար փախնում են: Գուցե իրենց երկրում խնդիրներ ունեն, դա հասկանալի է»:

Ալեքսանդր Սաֆարյանը «կեղծ» որակեց թուրքական եւ ադրբեջանական լրատվամիջոցների պնդումները, թե իբր Բունդեսթագի որոշումը կարող է բացասական ազդեցություն ունենալ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում. «Հայկական կողմի միակողմակի զիջումները ամենեւին թուրք-ադրբեջանական դաշինքի ագրեսիվ նկրտումները կասեցնելու ուղի չեն»:

Սաֆարյանը նաեւ հիշեցրեց, որ Թուրքիան ցուցադրաբար հետ կանչեց Գերմանիայում իր դեսպանին, իսկ Իլհամ Ալիեւը մեկնեց Գերմանիա. «Այսինքն, իրականում ադրբեջանական քաղաքական էլիտան շատ լավ է հասկանում այն ջրբաժանը, որը իրեն բաժանում է մեկ ազգ-երկու պետություն հռչակված եղբայր Թուրքիայից: Այո, նրանք քույր-եղբայր պետություններ են, բայց ամենեւին էլ նույնական չեն` ոչ քաղաքական, ոչ տնտեսական հարթության վրա: Ադրբեջանական կայքերը կգրեն, որ իրենք միասնական են, բայց կրկին ասեմ` երբեք պանթուրքիզմը քաղաքական մակարդակով նոր պայմաններում վերակենդանացնել հնարավոր չէ: Այն կարելի է վերակենդանացնել հակահայկական, հակառուսական, հակաչինական մակարդակով, սակայն դասական իմաստով պանթուրքիզմը երբեւէ վերակենդանացնել հնարավոր չէ, քանզի հնարավոր չէ, որ Ադրբեջանը փոխի իր գրական լեզուն: Այսպես թէ այնպես, Ադրբեջանի կրոնական էլիտան չի փոխելու իր կրոնական ուղղվածությունը, երբեք շիաները զանգվածաբար սուննի չեն դառնալու եւ երբեք Ադրբեջանը չի մտնելու Թուրքիայի կազմի մեջ որպես կախյալ կարգավիճակով գավառ»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930