Քաղաքագետ Լեւոն Շիրինյանը հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւի ընդունումը Բունդեսթագի կողմից երեք գործոնով է պայմանավորում:
«Գործոններից առաջինը՝ գերմանական մարդասիրությունն է: Երկրորդ գործոնը իսլամական ահաբեկչություններն էին Եվրոպայում, որոնք կարող էին կրկնվել Գերմանիայում: Երրորդ գործոնը՝ միգրացիոն հոսքերն են»,- այսօր «Հայելի» ակումբում ասաց Լեւոն Շիրինյանը:
Նա նկատեց, որ Գերմանիան դեռ մեկ տարի առաջ չէր ուզում լսել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին, շրջադարձային որոշումը, ըստ քաղաքագետի, Գերմանիայի քաղաքական շահերից էր բխում, ինչից Հայաստանը շահող դուրս եկավ: Նա համոզված է, որ բանաձևի ընդունումից հետո հայ մասնագետները հեշտորեն կկարողանան մուտք գործել գերմանական արխիվներ և անհրաժեշտ փաստաթղթեր ուսումնասիրեն:
Լեւոն Շիրինյանը բանաձեւի ընդունման փաստում ռիսկեր էլ է տեսնում: Ըստ նրա, Եվրոպայից «արտամղված» Ռուսաստանն ու Թուրքիան կարող են գնալ համագործակցության, ինչը Հայաստանի շահերից հաստատ չի բխում. «Մեր խնդիրն է պետական բոլոր ուժերը շատ արագ մոբիլիզացնել, ճզմել Հիդրայի գլուխը: Միակ երկիրը, որն այս իրավիճակում կարող է զսպել Թուրքիային, ԱՄՆ է»:
Կարդացեք նաև
Քաղաքագետը անդրադարձավ նաեւ Սարգսյան-Ալիև առաջիկա հանդիպմանը՝ ասելով, թե ընդհանուր ֆոնը Հայաստանի դեմ է լինելու. «Պատրանքներ չպետք է տածել, մենք պետք է պատրաստվենք պատերազմի: Իսկ պատերազմ անկասկած լինելու է: Հարվածը հենց ադրբեջանցիների գրաված Լելե Թեփե բարձունքից է լինելու: Քանի դեռ հայկական բանակը կարգի չի բերվել, պատերազմը անկասելի կերպով մոտենում է: Պատերազմը տարածաշրջանից կհեռանա միայն մեկ դեպքում, երբ հայկական բանակի կարգապահությունը զգոն կերպով վերահսկող ուժերը հասկանան՝ այն իրոք կարգապահ է»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ