Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես չեմ խեղճանում ձեր հարցերից, ու երբեւիցե չեմ խեղճանում». ԿԲ նախագահ

Հունիս 07,2016 15:54

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը ԱԺ-ում 2015-ի բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ իր խոսքերով «վտանգավոր թվեր» ասաց ու հարակից զեկուցող, Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի (լուսանկարում) մեկնաբանությունը խնդրեց. «Անցյալ տարի զուտ հոսքերը՝ ներդրումները կազմել են 60 մլրդ դրամ, այս տարվա առաջին եռամսյակում զուտ ներդրումները կազմել են ընդամենը 1,7 մլրդ դրամ՝ 35 անգամ պակաս: Ներդրումները արագացված գնում են դեպի նվազում: Ապօրինի արտահանումները Հայաստանից կազմել են հաշվետու տարում 1,8 մլրդ դոլար: Նայել եմ Ազգային վիճծառայության դինամիկան, 7 տարի առաջ 800 մլն դոլար էր: Հիմա այն կազմում է 1,8 մլրդ դոլար, որը ես համարում եմ հարկերի կորուստ, կորցրած ներդրումներ: Այսքան ապօրինի արտահանումը ՀՀ-ի համար ես համարում եմ խիստ վտանգավոր»:

Արթուր Ջավադյանը պատասխանեց. «Էդ վերջին թիվը վերջերս հրապարակած մի կասկածելի կազմակերպության բաներն էին: Էդ նույն աղբյուրն ա, որը 1 բաժակ սուրճի օրինակն էր բերել, որ 1 բաժակ սուրճը կարող է գնահատվի 100 դոլար ու չէր շարունակել: Եթե գնահատվի 100 դոլար, այդ դեպքում ԱԱՀ-ով պիտի հարկվի մի 20 դոլար, այլ տուրքերով եւս հարկվի, որը արդեն իսկ աբսուրդ է: Դրա համար ասեցի՝ կասկածելի աղբյուր է: Սա ընդհանրապես իրականության հետ որեւէ կապ չունեցող ուսումնասիրություններ են: Վերցնում են մի քանի թիվ, մի քանի երկիր, վերցնում են զարգացող երկրների էքսպորտը համեմատում են զարգացած երկրների հետ: Ես խնդրում եմ՝ տենց բաների ուղղակի ուշադրություն մի դարձրեք, որովհետեւ արդեն իսկ աբսուրդ է էդ ասածը: Ի՞նչ է նշանակում ապօրինի իմպորտ, տենց երեւույթ չկա: Եթե ավելի շատ գնահատես էդ ապրանքը, նշանակում է ավելի շատ հարկ պիտի վճարես, հարկային մարմինների հետ էնքան պրոբլեմ կունենա էդ ներկրողը, որ արդեն իսկ սա չի համապատասխանում իրականությանը: Կարող է ինչ-որ մի երկրում մաքսանենգության հետ ինչ-որ մի պրոբլեմ եղել է, բայց մեզ սա հաստատ չի վերաբերում»:

Արամ Մանուկյանը հակադարձեց. «Ես էնքան լուրջ մարդ եմ, որ օդից թիվ չեմ ասի, միշտ ձեր թվերով եմ ես ձեզ խեղճացնում»: Նա ասաց, որ այդ տվյալները իրենց բաժանել է ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը, բոլոր պատգամավորների մոտ կա:

Արթուր Ջավադյան էլ արձագանքեց. «Ես չեմ խեղճանում ձեր հարցերից, ու երբեւիցե չեմ խեղճանում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930