Շինարարական բիզնեսում հայտնի գործարար Սամվել Մայրապետյանին պատկանող «Լոկալ Դիվելոփըրզ» ընկերության դեմ մի քանի գործեր են հարուցված:
Այսօր «Մեդիա Կենտրոնում» «Լոկալ Դիվելոփըրզ»-ից տուժած քաղաքացիները մանրամասն ներկայացրեցին, թե քրեական եւ դատական գործընթացն ինչ փուլում է:
Ասուլիսի մասնակիցներից, Տերյան 23 շենքի բնակիչ, «Մեր քաղաքը» քաղաքացիական նախաձեռնության անդամ Վարդան Գերավետյանն ասաց, որ օրենքը պահանջում է, որ կառուցապատողը թափանցիկ ցույց տա իր ֆինանսական միջոցները, որով պատրաստվում է հանրային գերակա շահ ճանաչված տարածքում շինարարություն իրականացնել, մինչդեռ Մայրապետյանը բազմաթիվ խախտումներ եւ, ինչպես Գերավետյանն ասաց՝ Խարդախություններ է թույլ տվել. «Հաշվի առնելով, որ Սամվել Մայրապետյանը բազմաթիվ խարդախություններով է զբաղվում եւ բազմաթիվ ապացույցներ ունենք, (ես էլի եմ ասել, եթե համաձայն չէ ինձ հետ, թող դիմի դատարան, պատիվ պահանջի) մենք փորձեցինք պարզել գումարները, որ բանկում պետք է դրված լինեն: Ես ունեմ ինձ հղված գրություն, որտեղ նշված է՝ փոխհատուցման գումարի չափը պետք է հաշվարկված լինի այն դեպոզիտ հանձնելուց ոչ ուշ, քան մեկ շաբաթ առաջ: Այդ կապակցությամբ 2015 թվականի ապրիլի 7-ին Երեւան քաղաքի կենտրոն նոտարական գրասենյակի նոտար Աբրահամյանին հանձնվել է HSBC բանկի կողմից տրված համապատասխան բանկային երաշխիքը՝ դուք կարող եք ստանալ վերոհիշյալ անշարժ գույքի դիմաց ինձ հասանելի փոխհատուցվող գումարը»: Գերավետյանի վստահեցմամբ՝ այս բանկին հարցում են կատարել իրացման գոտու մի շարք բնակիչներ, եւ բոլորը նույնանման բովանդակությամբ պատասխան են ստացել՝ այդ գումարները բանկում չկան: Գերավետյանի ներկայացմամբ՝ դրանք այն գումարներն են, որոնք, ինչպես օրենքն է պահանջում, որպես երաշխիք՝ գույքը հանձնելու դիմաց, պետք է դրված լինեին բանկում: Այսինքն իրացման գոտու բնակիչներն իրենց տարածքը Մայրապետյանին պատկանող ընկերությանը հանձնելու դիմաց բանկից պիտի ստանային այդ գումարները:
«Հիմա ոչ մեկի անունով գումար չկա, հանել է քաղաքացիների գումարները: Իսկ գուցե Մայրապետյանն անվճարունակ է, ո՞ւր են գումարները: Քաղաքապետարանը որպես լիազոր մարմին, պարտավոր է հետեւել այս մարդու գործունեությանը: Բայց քաղաքապետերանն ի դեմս կառավարության, ամեն կերպ նպաստում է կառուցապատողի բոլոր գործողություներին: Դիմելու ենք դատարան, սա լուրջ հիմք է ամբողջ ընթացքը կասեցնելու համար»,-ասաց Գերավետյանը:
Ասուլիսի մեկ այլ մասնակից, Պուշկին 4 տան բնակիչ Ալֆրեդ Կզարթմյանն էլ, որի խնդրին Aravot.am-ն անդրադարձել էր , նշեց, որ մոտ մեկ տարի տեւող քրեական գործ կար հարուցված, եւ ապրիլի սկզբին քննիչը որոշում էր կայացրել այն կարճել. «Ես կարճելուց մի քանի օր առաջ հանդիպել էի քննիչին, նա գործը կարճելու միտք չուներ: Դիմեցի գլխավոր դատախազին, քննչական կոմիտեին ու ՀՀ նախագահին, որ կատարվում է անօրինականություն, կոռուպցիոն դրսեւորումներ, ես նշել էի փաստերը: Եւ անսպասելիորեն քաղաքի դատախազը որոշում է կայացրել վերսկսել գործը: Ովքեր զբաղվում են այդ գործով, նրանք գտնվում են ճնշման տակ՝ չգիտեմ, Մայրապետյանի, թե նրա բարձրաստիճան հովանավորների, որոնք ՀՀ նախագահի աշխատակազմում են: Այս պահին անուններ չեմ ուզում տալ, որովհետեւ դա կազդի քրեական գործի վարման ընթացքին»:
Կարդացեք նաև
Պարոն Կզարթմյանը վստահեցրեց, որ փորձագետը, որը կատարել է նրա տան վերաբերյալ փորձաքննությունը, բազմաթիվ խախտումներ եւ անօրինականություններ է թույլ տվել. «Փորձագետը նշում է, որ իմ տունը 35 տարեկան է, իմ փաստաթղթերով՝ 12 տարեկան է: Գրվել է 35 տարեկան, որպեսզի ֆիզիկական մաշվածություն հաշվեն, ու նշել են մաշվածությունը՝ 45%, բայց անգամ 35 տարեկան տան ֆիզիկական մաշվածությունը 28 % է, այսինքն, 2 խախտում մի դեպքով, այսպես են անում, որ տան գինը գցեն»:
Գերավետյանն էլ ասաց, որ հանրային գերակա շահի հետեւանքով Մայրապետյանին պատկանող ընկերությունից տուժած մոտ 20 ընտանիք միավորվել են եւ միասին դիմել դատարան. «Մենք տեսնում ենք, որ ամիսներ շարունակ գործը ձգձգվում է, Մայրապետյանին հաջողվում է բոլոր ատյաններն ի շահ իրեն աշխատեցնել: Սա մաֆիա է, թե հանցավոր բանդա է ստեղծվել, չկա մի դեպք, որ Մայրապետյանի դեմ բողոք լինի, ու չհանդիպենք նույնանման խոչընդոտների»:
Ասուլիսն ամբողջությամբ՝ այստեղ:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ