Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Չիլինգարյան. «Էլեկտրաէներգիան ոչ թե 3, այլ մինչև 10 դրամով պետք է էժանանա»

Հունիս 07,2016 16:17

«Զարկերակ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը գազի սակագնի նվազեցումն, այնուամենայնիվ, դրական համարելով, Սպառողների խորհրդատվության կենտրոն հ/կ-ի նախագահ Կարեն Չիլինգարյանն ասաց. «Լուրջ սպասելիքներ ու անկալիքներ դժվար թե կարելի է ունենալ, քանի որ դա մեծ տոկոս չէ`ընդամենը 6-7 տոկոս: Չեմ կարծում, որ շատ տարբերություն տա շարքային սպառողի ծախսերի հարցում»:

Կարեն Չիլինգարյանի կարծիքով` հնարավոր է գազի սակագնից կախված` որոշ ապրանքների սակագներ չնչին տարբերություն տան. օրինակ` ցեմենտի, հացի արտադրությունը, գազալցակայաններում գազի գինը:

Պարոն Չիլինգարյանի հաշվարկներով` էլեկտրաէներգիան էլ պետք է էժանանա. «Չնայած էլեկտրաէներգիայի արտադրության մեջ գազն ընդամենը մեկ երրորդն է կազմում, մինչդեռ, միևնույն է, էլեկտրաէներգիան ավելի շատ պետք  էժանանա, քանի որ երբ ժամանակին էլեկտրաէներգիան թանկացավ, պատճառաբանում էին, թե գազը թանկացել է, նաև ազդել էր սակավաջուր տարի լինելը, տարադրամի բարձր լինելը: Բայց այս տարին սակավաջուր չէ,  գազն էլ էժանացել է: Հույս  ունենք, որ էլեկտրաէներգիան ոչ թե երեք, այլ մինչև տասը դրամ պետք է էժանանա»:

Հասարակական պաշտպանների միության գործադիր տնօրեն Արամ Գրիգորյանի համար գազի սակագնի այս չնչին անկումը գնանկում չէ. «Գնանկման մասին կարող էինք խոսել, եթե սակագնային ճիշտ քաղաքականություն վարվեր Հայաստանում, որի արդյունքում այսօր գազը կվաճառվեր 100-110 դրամ: Եթե սահմանին այն վաճառվում է 150 դոլար` հազար խորանարդ մետր համար, հիսուն վաթսուն դոլարը որոշակի հաշվարկների արդյունքում եթե հանեինք, ապա սպառողը 100-110 դրամով պետք է գազը ստանար:  Այդ ժամանակ կարելի էր խոսել գազի գնի` մյուս ապրանքների վրա ազդեցության մասին»:

Արամ Գրիգորյանը նշեց, թե գազի այս սակագնի սահմանման հարցում մենաշնորհային  ընկերությունն ավելի ազնիվ է գտնվել, քան մեր կարգավորող մարմինը: Նա մանրամասնեց. «Եթե ուսումնասիրենք գազի սակագինը, ապա պարզ կդառնա, որ ընկերությունն ինչ-որ ծախսեր է նախատեսել, մեր պետությունն այդ ծախսերը շատացրել է»:

Արամ Գրիգորյանի պատառաբանությամբ, մեզանում գազի սակագինն առանձնապես չի իջնի մի շարք խանգարող հանգամանքների պատճառով. օրինակ` մեր շուկայի մոնոպոլ կառուցվածքի՝ եթե կազմակերպությունը վաճառքի խնդիր չունի, երբեք չի գնա գին իջեցնելու:

Պարոն Գրիգորյանի պնդմամբ` անկախ նրանից՝ գազի գինը կիջնե՞ր, թե՞ ոչ, մեր պետությունը պարտավոր էր էլեկտրաէներգիայի սակագինը վերանայել. «Անցյալ տարի, երբ այդ սակագինը բարձրացրին, պատճառաբանում էին, որ ընկերությունները մեծ պարտքեր են կուտակել: Հիմա այդ պարտքերը փակված են, ուրեմն սակագինը պետք է վերանայվի»:

Կարեն Չիլինգարյանն էլ մի մտահոգիչ փաստ հիշեցրեց. «ԱՊՀ երկրներից միայն Հայաստանն ու Ռուսաստանն են, որ  բնակիչ-բաժանորդներին ավելի բարձր գնով են վաճառում էլեկտրաէներգիա, իսկ արտադրողներին ավելի ցածր գնով: ԱՊՀ մյուս բոլոր երկրներում հակառակն է»:

Տաթեւ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930