«Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն անտարակույս էր»,-համոզված է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի թյուրքագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ալեքսանդր Սաֆարյանը: «Այն հանգամանքը, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը Բունդեսթագ էր մտցվել իշխող կոալիցիայի եւ ընդդիմության պատգամավորների կողմից, պարզ էր, որ այն պետք է ընդունվեր գրեթե միաձայն կամ միաձայն: Ընդ որում, կողմ քվեարկեցին նաեւ ծագումով թուրք պատգամավորները»,-«Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում հունիսի 7-ին ասաց նա:
Սաֆարյանի դիտարկմամբ` այսօր Թուրքիան լրջագույն խնդիրներ ունի` իր մտավորականության արժեհամակարգի ընտրության եւ քաղաքական ու մշակութային դաշտերում առկա բախումների առումով. «Նոեօսմանիզմի քաղաքականության հետ կապված այս խնդիրները գնալով ավելի սրվելու են: Մյուս կողմից` թուրքական քաղաքական վերնախավի վարած ագրեսիվ արտաքին քաղաքականությունն անպայման խնդիրներ է առաջացնելու Թուրքիայի ներքաղաքական կյանքում»:
Թուրքագետի խոսքով` Բունդեսթագի որոշումը Հայոց ցեղասպանության ճանաչման երկարատեւ գործընթացի մի օղակն է. այն ոչ առաջինն է, ոչ վերջինը. «Հայոց ցեղասպանությունը ճանաչված ցեղասպանություն է, իսկ Բունդեսթագի որոշումն ինքնին կարեւոր է եւ մյուս երկրների համար խթան է հանդիսանալու` Հայոց ցեղասպանության ճանաչման գործում: Գերմանական կայացած պետականությունը, հզորագույն մշակույթը եւ դրա կրող գերմանական ազգը երբեւէ չեն կարող ենթարկվել թուրքական եւ ադրբեջանական ճնշումներին: Մյուս կողմից, Գերմանիայի ազգությամբ թուրք քաղաքական գործիչները կողմ են արտահայտվել ճանաչմանը` հանձնելով մշակութային եւ քաղաքական կարեւոր «քննություն»: Այն պետք է հանձնի ողջ ժամանակակից Եվրոպան»:
Միգրացիոն ներհոսքը ԵՄ-ի եւ հատկապես Գերմանիայի համար ծանրագույն խնդիր է, որին, ըստ Ալեքսանդր Սաֆարյանի, Գերմանիան պետք է պատասխանի «ադապտացիոն» քայլերով. «Դրանցից մեկն էլ Բունդեսթագի որոշումն է: Գերմանական հզոր մտածողությունն ավելի լուրջ արժեհամակարգի վրա է հիմնված»:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է Ռուանդայում կատարված ցեղասպանության մասին Գերմանիային հիշեցնելու՝ Էրդողանի ակնարկներին, բանախոսի բնորոշմամբ` դա շանտաժի քաղաքականության դրսեւորում է եւ մտադիր է շեշտադրել, որ ցանկացած կայսրություն իր բնույթով գենոցիդալ է. «Դա խոսում է այն մասին, որ Թուրքիան ազդեցության այլ լծակներ չունի, քան շանտաժի թույլ քաղաքականություն վարելը: Ֆրանսիայի, Գերմանիայի կամ ԵՄ-ի հետ Թուրքիայի ցանկացած հարաբերությունների վատթարացումը նախեւառաջ վնասելու է հենց Թուրքիային եւ Ադրբեջանին»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ