Հայ- ռուսական դաշնակցային հարաբերությունները կան եւ մնում են լուրջ հենարաններ, երաշխիքներ, եւ առաջիկայում, կենսական նշանակության հարցերի լուծման համար, դրանք կլինեն հիմք: Այսօր խորհրդարանում հրավիրված ճեպազրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:
Տիկին Նաղդալյանը մանրամասներ էր ներկայացնում Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի 27-րդ նիստի աշխատանքներից: Դրանք տեղի են ունեցել անցած շաբաթ`Մոսկվայում, ապա շարունակվել են Կազանում: Հանձնաժողովի անդամ 27 պատգամավորներից հայաստանյան կողմից մասնակցել են 13-ը` բոլոր խմբակցություններից: Հանձնաժողովը տարեկան երկու նիստ է գումարում` գարնանային եւ աշնանային: Գարնանայինը տեղի է ունենում ՌԴ-ում, իսկ վերջին մի քանի տարիներին, հիմնականում ՌԴ մարզերում`ակտիվացնելու համար միջշրջանային կապերը: Նիստի ընթացքում քննարկվել են ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ սոցիալ-տնտեսական, մշակութային կապերի ընդլայնման հնարավորությունները, ԵԱՏՄ-ի իրավիճակին վերաբերվող հարցեր: Նաեւ, հայկական կողմի առաջարկով, քննարկվել են ապրիլյան պատերազմից հետո ԼՂՀ-ում իրավիճակի հնարավոր զարգացումներին վերաբերվող, այդ համատեքստում նաեւ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների դաշնակցային բնույթին վերաբերվող հարցեր: Ինչպես նաեւ ռազմաքաղաքական, դիվանագիտական բնույթի հարցեր:
«Պատվիրակությունը շատ համախմբված աշխատել է»,- ասաց Հերմինե Նաղդալյանը`ընդգծելով հատկապես ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի, ՀԱԿ խմբակցության պատգամավորներ Լյուդմիլա Սարգսյանի եւ Լեւոն Զուրաբյանի, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանի ելույթները: Նաիրա Զոհրաբյանը, հիշեցնենք, իր ելույթում ասել էր`«Ընկերներին փողի հետ չեն փոխանակում»:
ԼՂՀ-ում իրավիճակի հնարավոր զարգացումների վերաբերյալ հարցի քննարկումների ժամանակ, ըստ Հերմինե Նաղդալյանի, բավական աշխույժ բանավեճ է ծավալվել: Հարցը հայկական կողմից բավական համապարփակ ներկայացրել է «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը: Քաղաքագետն անդրադարձել է նաեւ ապրիլից հետո առկա ռազմաքաղաքական եւ դիվանագիտական զարգացումներին: ՌԴ-ի քաղաքական եւ դիվանագիտական հատվածի ներկայացուցիչներն իրենց խոսքում նշել են արել 1994-ի հրադադարի պայմանագրի պահպանման անհրաժեշտությունը:
Կարդացեք նաև
«Հակառուսական զեղումներ կամ արտահայտություններ չեն եղել, աշխատանքային քննարկումներ են եղել բավական խորը»,- ասաց տիկին Նաղդալյանը` հավելելով, որ խնդիրն այն է, որ տարիներ շարունակ տարածաշրջանում սպառազինության հավասարակշռությունը պահպանվել է եւ պետք է պահպանվի: Ռուսաստանցի քաղաքական եւ դիվանագիտական հատվածի ներկայացուցիչները համաձայնվել են հայ պատգամավորների այդ դիտարկումների հետ:
Լրագրողներից մեկի հարցին` ինչո՞ւ է ուշանում 200 միլիոնի վարկով գնված զենքը, կոնկրետ ժամկետներ նշվե՞լ են` ե՞րբ այն Հայաստանում կլինի, Հերմինե Նաղդալյանն ասաց. «Կոնկրետ ժամկետները ոչ խորհրդարանականների հետ են քննարկվում»: Հարցն արծարծվել է, բայց նպատակը եղել է ոչ թե այդ պահին պատասխան ստանալը, այլ գործընկերների միջոցով այդ հարցերն ուշադրության կենտրոնում պահելը`պատկան մարմինների հետ իրենց աշխատանքում:
Նա նաեւ ասաց, որ նիստի ավարտին ստորագրվել է փաստաթուղթ, որտեղ առաջին անգամ ամրագրվել է`ապրիլյան ռազմական գործողությունները սկսել է Ադրբեջանը`ԼՂՀ-ի եւ հայ-ադբեջանական սահմանի ողջ երկայնքով:
Այլ մանրամասները` քիչ ավելի ուշ՝ տեսանյութում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ