Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանական պատգամավոր. «Կոռուպցիան իշխանությունների մեջ է, ժողովրդի մեջ չի լինում»

Հունիս 07,2016 14:26

«Ցանկացած երկրում կոռուպցիան կա,  մի տեղ մի քիչ ավել, մի տեղ մի քիչ պակաս: Ի՞նչ վատ բան կա, որ Հայաստանի կառավարությունը սկսել է ավելի մեծ ուշադրություն դարձնել այդ հանգամանքներին»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Կիլիկիա» գարեջրի գործարանի սեփականատեր Հակոբ Հակոբյանն`անդրադառնալով կառավարության հայտարարած կոռուպցիայի եւ մենաշնորհների դեմ պայքարին:

Պատգամավորը չի ցանկանում մտնել քննարկումների մեջ`ուշացած է-ուշացած չէ, որքա՞ն է ուշացած կառավարության հայտարարությունը. «Ինչ-որ մի ժամանակից պետք է սկսվեր»: Նա ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ մեր հարեւանները դեռ չեն էլ սկսել:

«Կոռուպցիան, բնականաբար, ժողովրդի մեջ չի լինում, իշխանության մեջ է լինում, իշխանությունն էլ նրա համար է, որ պայքարի, հիմա պայքարում են, արդյունքները երեք, չորս, հինգ տարի հետ կարծում եմ կլինեն»,-ասաց պատգամավորը` հավելելով, որ երկու, երեք կամ հինգ տարի հետո, եթե տեսնենք՝ քիչ արդյունքներ կան, նոր կքննադատենք. «Հիմա թողեք տեսնենք ինչ են անում»: Գործարար դասի պատգամավորի կարծիքով, կոռուպցիան անհնար է ընդհանրապես վերացնել, հարցն այն նվազացնելու մեջ է:

Լրագրողներից մեկի հարցին` Էկոնոմկիկայի նախարար Արծվիկ Մինասյանի՝ շաքարավազի ոլորտին օրենքով մենաշնորհ տալու հնարավորության հայտարարության վերաբերյալ էլ պատգամավորն ասաց. «Ես ողջունում եմ էկոնոմկայի նախարարի սկսած աշխատանքը, բավականին դրական շարժ տեսնում եմ: Այդ հայտարարության մասով էլ, եթե չեմ սխալվում, ինքը մեկ- երկու օր հետո ասաց, որ այդ մտքով չի ասել եւ երբեք ոչ մեկ օրենքով մենաշնորհի արտոնություն չի տա»: Պատգամավորը հիշեցնում է`շաքարավազի ներկրող չկա, գոյություն ունի շաքարավազի արտադրություն, ու, իր գնահատմամբ, բավական մեծաթիվ աշխատատեղեր են ստեղծված. «Ես կարծում եմ, որ դուք դա պետք է ողջունեք, ոչ թե քննադատեք: Ես՝ ինքս, որպես գործարարությանը մոտ կանգած մարդ, ինչ սկսվել է կոոպերատիվ շարժումը, ես այդ շարժման մեջ եմ եղել, կոոպերատիվ եմ ունեցել, այսօր բիզնեսներ ունեմ, ճիշտ է, ես կառավարմանը չեմ մասնակցում, սակայն ունեմ բիզնեսներ, շատ լավ հասկանում եմ, թող արտադրեն, ի՞նչ է եղել որ»:

Հակոբ Հակոբյանի կարծիքով շաքարավազի արտադրության ոլորտում մեր երկրում մենաշնորհ չկա, բոլորն էլ կարող են արտադրել: Հարցին`ինչո՞ւ ինքը չի մտնում այդ ոլորտ, պատասխանեց. «Ես 43 տարի գարեջրի արտադրության մեջ եմ, այդ ոլորտ երբեք չեմ ցանկացել մտնել, ինձ չի ձգում շաքարավազի արտադրությունը: Մի մարդ մի գործ պետք է անի»:

Լրագրողներից մեկը հարցրեց` Սամվել Ալեքսանյանը ինչպե՞ս է կարողանում համատեղել, Հակոբ Հակոբյանը պատասխանեց. «Սամվել Ալեքսանյանը բացառիկ անձնավորություն է: Ազնիվ խոսք եմ ասում: Ես ինքս ապշում եմ, թե ինքը ինչպես է կարողանում այդքան բան: Ինքը շատ լավ իր բիզնեսին տիրապետում է, ճիշտ է հիմա պատգամավոր է, բիզնեսով չի զբաղվում, բայց սեփական բիզնեսներ ունի, և իրոք հավատացնում եմ՝ ապշած եմ, թե ոնց է հասցնում, ես ինքս չեմ կարող հասցնել»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930