Արցախի ՊԲ նախկին և ներկա հրամանատարների միջև ծավալված հեռակա բանավեճն ու հակադրությունը կարող է երկար շարունակվել, քանի որ նրանք տարբեր տեսակետներ ունեն ադրբեջանական ապրիլյան ագրեսիայի բնույթի և դրա կրկնությունը բացառելու լուծումների վերաբերյալ:
Մինչդեռ արդեն ակնհայտ է դառնում, որ հայկական տարածքներ հանձնելու Սերժ Սարգսյանի դավադիր ծրագրի առկայության պայմաններում հեղինակավոր հրամանատարների նման հակադրումը ներքուստ խարխլում է ժողովրդի և բանակի հավատն ու կամքը և թուլացնում մեր պաշտպանունակությունը, ինչը կարող է անդառնալի ծանր հետևանքներ ունենալ Արցախի ու համայն հայության համար:
Այդ պատճառով Սամվել Բաբայանին և Լևոն Մնացականյանին, ինչպես նաև բոլոր մյուս օղակների նախկին ու ներկա հրամանատարներին հորդորում եմ այսուհետև ձեռնպահ մնալ հրապարակավ բանավիճելուց և համատեղ ուժերով ստեղծել Հայրենիքի պաշտպանության և հայրենի հողի ազատագրման գերագույն նպատակին ծառայող ներազգային համերաշխության մթնոլորտ, որը կօգնի խափանելու նաև Սերժ Սարգսյանի դավադրությունը:
Անշուշտ, բանավեճերը և քննարկումները պետք է շարունակվեն, սակայն դրանք ճիշտ կլինի կազմակերպել երես առ երես՝ աշխատանքային ձևաչափով և մասնագիտական շրջանակներում, որպեսզի կարծիքների համադրմամբ գտնվեն հնարավորինս արդյունավետ լուծումներ:
Այս օրհասական պահին, երբ մեզ ոչնչացնելու նպատակ ունեցող հակառակորդն ապրիլյան ագրեսիայից ոչ պակաս ուժով հերթական հարձակումն է պատրաստում, իսկ քաղաքական ղեկավարությունը տրամադրված է հանուն իր աթոռի տարածքներ հանձնել, բոլորիս միտքն ու ջանքերը պետք է ուղղված լինեն բանակի շարքերում և ժողովրդի շրջանում միասնության ու համազգային ներուժի համախմբման միջոցով դավաճանությունը կանխելու և հակառակորդին հակահարված հասցնելու նախապատրաստմանը:
Կարդացեք նաև
Մամուլի հաղորդակցություն