Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետոյի» անեկդոտը՝ ԱԺ-ում. Փաշինյանը «Կարգին հաղորդման» մանրապատումը հիշեց՝ բյուջեի հաշվետվության ժամանակ

Հունիս 07,2016 14:02

«Բյուջեի կատարողականները համեմատելիս հիշեցի «Կարգին հաղորդումը», որը մի հայտնի մանրապատում ունի, երբ հիմնանորոգվող բնակարանի սեփականատերը 1 ամիս հետո գալիս մտնում է տուն եւ արձանագրում է, որ նորոգող վարպետը՝ Պետո անունով, որեւէ բան չի արել: Հաշիվ է պահանջում, ասում է՝ ի՞նչ ես արել էս մի ամսվա ընթացքում, բան չե՞ս արել, Պետոն ասում ա՝ բա, շեֆ ջան, բա եղա՞վ, լուսամուտը դրիմ: Ասում ա՝ հետո՞, հասկացանք, ասում ա՝ է լուսամուտը դրիմ: Ասում ա՝ լավ, հասկացանք, հետո՞: Ասում ա՝ լուսամուտը դրիմ, դնելու ընթացքում վերեւից գյաջ-մյաջ էր թափվել պադագոլնիկին, էտի սիրուն հավքիմ, մաքրիմ, լվացիմ, պլպլցրիմ ու պատուհանը փակիմ, հիմա նայում ես՝ վա՜խ»,- այսօր ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը սա պատմեց ԱԺ-ում 2015-ի բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ:

Նա ֆինանսների փոխնախարար, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանին հարցրեց՝ ինչի՞ց է  այդ ասոցիացիան առաջանում, երբ նայում ենք վերջին 4-5 տարվա բյուջեի կատարողականը. «Բոլոր տեղերում գրված է՝ Իրան-Հայաստան 400 կՎտ լարման էլեկտրահաղորդման օդային գծի կառուցում: Ի՞նչ է արվել 4 տարվա ընթացքում: Բյուջեի կատարողականը նայում ենք, մեզ ասում ա՝ դե, նախագիծը գծի, մրցույթ հայտարարեցի ու՝ ոչ մի բան: Կապսիի ջրամբարաշինության մեծ ծրագիր կա, ուզում ենք հասկանալ՝ ի՞նչ է արել կառավարությունը: Էլի բյուջեն ասում ա՝ նախագիծը գծի, միջազգային մրցույթ հայտարարեցի, միջազգային խորհրդատուների հրավիրեցի: Բա լավ, կոնկրետ ի՞նչ՝ կոնկրետ ոչ մի բան: Գալիս ենք ուրիշ բանի՝ Իրան-Հայաստան երկաթուղի, ի՞նչ արիր, կառավարություն ջան: Ասում ա՝ հուշագիրը ստրագրեցի, գնացին-եկան, էլի գնացին-եկան: Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման օդային գծի կառավարություն, ի՞նչ արիր, կառավարություն ջան»:

Ատոմ Ջանջուղազյանը գնահատեց. «Շատ լավ էր համեմված գեղարվեստական մասով հարցը, բայց պետք է ասեմ, որ բոլոր այն հարցերը, որոնք դուք բարձրացրեցիք, իրենց պարզաբանումները ծրագիրն իրականացնող մարմինները տվել են: Այլ հարց է, որ այդ պարզաբանումները ձեզ կարող են չբավարարել: Միշտ կարելի է բավարարված չլինել եւ ավելին պահանջել: Դրանցից ոչ մեկը պարզունակ ծրագիր չէ, արդյունքներն արձանագրված են, որոնք դուք բաց եք թողնում, այն ծրագրերն եք նշում, որտեղ տեսնում եք, որ կան խնդիրներ»:

Նիկոլ Փաշինյանը ծիծաղեց՝ «Մեր Պետոն էլ ուներ իր բացատրությունները, բայց մանրապատման մեջ հարցը հանգուցալուծվեց այնպես, որ գործերն արվեցին ու Պետոն էլ ասեց՝ ոնց որ, շեֆ ջան, կարգին չէիր ասում առաջ: Հիմա իմ կարծիքով, եթե կառավարությանը կարգին ասող խորհրդարան լիներ, որը կիսաերեկոյան  ոճով բյուջեի կատարողական ներկայացրեց, գուցե այդ ծրագրերի մասով ուրիշ վիճակ կլիներ: Իմ կարծիքով սա երեկոյան ժամերին պետք էր հեռարձակել, որ երեխեքը, ժողովուրդը հանգիստ քնեին: Մեր կառավարությանն ուղղակի կարգին ասող չկա, որ պարտավորությունները պետք է ճշգրիտ իրականացնել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930