Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունը պարտքերի հաշվին շենքեր է վերանորոգել ու մեքենա-սարքավորում ձեռք բերել

Հունիս 07,2016 13:57

Այսօր ԱԺ-ում 2015-ի պետբյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը  ֆինանսների փոխնախարար, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանին հարցրեց. «Եղել է ծախսերի աննախադեպ՝ 109 մլրդ դրամի ավելացում: Դա կարող էր արվել կամ մասնավորեցման հաշվին, որը չնչին գումարներ են եղել, պետական պարտատոմսերի վաճառքի, կամ հիմնականում վարկերի: Ու ավելացումները հիմնականում եղել են վարկերի՝ պետական պարտքի ավելացման հաշվին: Ու այդ գումարները ուղղվել են ոչ թե զարգացման ծրագրերի, այլ՝ կառավարության շենքերի վերանորոգում, մեքենա սարքավորումների ձեռքբերում, նման բաների վրա է ուղղվել: 4,8 տոկոս դեֆիցիտ, պետական պարտքի ավելացում 14 տոկոսով, ստացվում է, որ Հայաստանը հաստատուն քայլերով շարժվում է դեպի ֆինանսական սնանկությո՞ւն»:

Լեւոն Զուրաբյանը նաեւ ասաց, որ բյուջեի ծախսերի հետ կապված աչքի է զարնում «այլ ծախսեր» տողը. «Ֆինանսական փաստաթղթերում, երբ այլ ծախսեր են գրում, 3-5 տոկոս կարող է լինի առավելագույնը, բայց այստեղ մենք 13% բյուջեի ընդհանուր ծախսերի տեղավորել ենք այլ ծախսերի մեջ: Իբր դա քիչ էր, այլ ծախսեր տողն ունի «այլ ծախսեր» ենթատող, որը կազմում է 95%: Սա ի՞նչ է նշանակում: Հետո շատ հետաքրքիր էր այլ ծախսերի մեջ կարդալ ՀԿ-ներին նվիրաբերության տողը, որի համար 2.44 մլրդ դրամի գումարները ավելացվել են այս ծանր պայմաններում մինչեւ 9 մլրդ 136 մլն դրամ: Ի՞նչն է դրդել կառավարությանը այդքան նվիրաբերել ՀԿ-ներին»:

Ըստ Զուրաբյանի՝ տպավորություն է, որ այլ ծախսերի տակ ինչ-որ բան են թաքցնում:

Ատոմ Ջանջուղազյանը պատասխանեց, որ այլ ծախսերը տնտեսագիտական դասակարգման հոդված է: Օրինակ, ՊՆ-ի բյուջեի օգտագործումը նախատեսված է հիմնականում հենց «այլ ծախսեր» դասակարգման շրջանակում:

Ինչ վերաբերում է ՀԿ-ներին նվիրատվություններին, Ատոմ Ջանջուղազյանն ասաց, որ ցավոք, այս պահին չունի ցանկը, թե որ ՀԿ-ներին են միջոցներ տվել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930