ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ տասներորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով՝ տաքսու վարորդի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու համար, 2 կուրսանտի մեղադրանք է առաջադրվել։
Նախնական քննության տվյալներով՝ 4-րդ կուրսի 2 կուրսանտ 2016թ. հունիսի 1-ին՝ ժամը 23:15-ի սահմաններում, Երևանից Գյումրի մեկնելու պատրվակով նստել են Երևան քաղաքի բնակիչ Է.Բարսեղյանի անձնական օգտագործման «Մերսեդես-Բենս» մակնիշի ավտոմեքենան, որը շահագործվել է որպես տաքսի։ Հունիսի 2-ին՝ ժամը 00:05-ի սահմաններում, Երևան-Գյումրի ավտոճանապարհի Լանջիկ գյուղի հատվածում կուրսանտները, ըստ քրեական գործով ձեռք բերված տվյալների, դանակներն օգտագործելով որպես զենք, հարձակվել են Է.Բարսեղյանի վրա, վերջինիս կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով նրանից հափշտակել ոսկյա մատանի, ոսկյա շղթա, կանխիկ գումար, որից հետո նրան թողնելով դեպքի վայրում՝ նշված ավտոմեքենայով հեռացել:
Ձորակապ գյուղի մոտակայքում կորցնելով ավտոմեքենայի կառավարումը՝ դուրս են եկել ճանապարհի բանուկ մասից և տեղում թողնելով ավտոմեքենան՝ ոտքով շարունակել ճանապարհը:
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ կուրսանտներին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով և 183-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով։ Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչ բավարարվել է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին