Այսօր առավոտյան Ստամբուլի մետրոյի «Վեզնեջիլեր» կայարանի մոտ ահաբեկչական պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է 11, վիրավորվել՝ 36 մարդ։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։
Ահաբեկչական գործողությունների մասին մանրամասներ է հայտնել Ստամբուլի նահանգապետ Վասիփ Շահինը. «Պայթյունը տեղի է ունեցել առավոտյան 08.40։ Դրա հետևանքով զոհվել է 7 ոստիկան և 4 քաղաքացիական անձ։ 36 հոգի վիրավորվել է, որոնցից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է»։
Նահանգապետի խոսքերով՝ դեպքի վայրում վիրավորվածները տեղափոխվել են հիվանդանոց, և տվյալ պահին պայթյունի վայրում ոչ մի վիրավոր չկա։ Նախնական վարկածով պայթուցիկը տեղադրված է եղել մեքենայի մեջ։
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ պայթյունի վայրում իրականացվում է ուժեղացված հսկողություն, բոլոր զարգացումները զեկուցվում են երկրի վարչապետ Բինալի Յըլդըրըմին, իսկ ահաբեկչության կազմակերպիչների մասին դեռևս ոչ մի տեղեկություն չի հրապարակվում։
Կարդացեք նաև