Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՊՀ դասախոսների գյուտը. «Հայկական ժամանակ»

Հունիս 07,2016 13:10

Երեւանի պետական համալսարանի մի խումբ դասախոսներ հեղինակ են դարձել մի հայտնագործության, որը շինարարության ոլորտում կիրառելու դեպքում հնարավոր կլինի ավելի լավ արդյունքի հասնել բավականին հեշտ՝ ավելի քիչ գումար ներդնելով։

Գյուտի հեղինակները հավաստիացնում են, ամուր ցեմենտաբետոն ստանալու համար ցեմենտի հետ, որպես հավելախաոնուրդ եւ լցանյութ, հնարավոր է օգտագործել ոչ թե սովորական ավազ, ինչն այսօր ընդունված է, այլ անորթոզիտ կոչվող ապարները, որոնք լայն տարածում ունեն բնության մեջ։

Այդ դեպքում հնարավոր է ստանալ ավելի ամուր, ջրակայուն, թթվակայուն եւ ցրտակայուն բետոն, բայց միաժամանակ քիչ ծախսատար։ «Հայաստանում Ամասիայից մինչեւ Լեռնային Ղարաբաղ՝ Բերձոր, այս տեսակի ապարներն ունեն լայն տարածում, որոնք երկար տարիներ որեւէ կիրառում չեն ունեցել, մարդիկ բացարձակ ուշադրություն չեն դարձրել դրանց վրա։ Իհարկե, դրանց որոշ տեսակներ օգտագործվել են երեսպատման նպատակներով։ Բայց մենք հասկացանք, որ այդ ապարներն ունեն այնպիսի քիմիական կազմ եւ ֆիզիկա-մեխանիկական հատկություններ, որոնք կարելի է կիրառել շինարարության մեջ։ Օրինակ, երբ որ ուզում են բետոնե աշխատանքներ իրականացնել ցեմենտին ավազ են, չէ՞ հավելում։

Հայաստանում ավազի տարբեր տեսակներ կան՝ սպիտակ ավազ, կապույտ ավազ եւ այլն։ Մենք առաջարկում ենք որպես լցանյութ օգտագործել նաեւ այս ապարները, որոնք իրենց պարամետրերով սովորական ավազին չեն զիջում։ Եվ ավելին ասեմ, սա ավելի ցրտակայուն է, ջրակայուն է, ծակոտկենություն չունի»,- մեր զրույցում ներկայացնելով գյուտը՝ ասաց դրա հեղինակներից մեկը՝ ԵՊՀ աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետի ռեգիոնալ երկրաբանության, պոտրոլոգիայի եւ օգտակար հանածոների ամբիոնի վարիչ Շահեն Խաչատրյանը։ Գյուտի համահեղինակներն են նույն ամբիոնի դասախոս Հովհաննես Գույումջյանն ու դեղագիտության եւ քիմիայի ֆակուլտետի էկոլոգիական քիմիայի ամբիոնի վարիչ Գեւորգ Փիրումյանը։

Շահեն Խաչատրյանը պարզաբանեց, թե ինչպես է դրսեւորվում ավազի փոխարեն ցեմենտի հետ նշված ապարն օգտագործելու մատչելիությունը։ Եթե սովորական բետոնը պատրաստվում է ցեմենտ/ավազ 1/3-4 հարաբերությամբ, ապա անորթոզիտի պարագայում այդ հարաբերությունը 1/5-6 է կազմում, այսինքն կրճատվում է ցեմենտի ծախսը, միեւնույն ժամանակ ապահովելով ավելի բարձրորակ բետոնի ստացում։ Օրինակ, եթե սովորական բետոն
ստանալու ժամանակ 100 կգ ավազին անհրաժեշտ է ավելացնել 30 կգ
ցեմենտ, ապա անորթոզիտի կիրառության դեպքում 100 կգ անորթոզիտին հարկավոր կլինի հավելել ընդամենը 15-20 կգ ցեմենտ։ Երկու դեպքում էլ ստացվում է նույն արդյունքը, սակայն այս պարագայում՝ ցածր ինքնարժեքով։ Ընդ որում, բացի դրանից, այս բետոնների առավելություններն են թթվակայունությունը, ջրակայունությունը եւ ցրտակայունությունը»,- հավելեց համալսարանականը՝ ընդգծելով, թե շատերի մեջ թյուր կարծիք կա, իրենք ցեմենտ են ստացել. «Մենք ցեմենտի արտադրությամբ չենք զբաղվում, իսկ
ցեմենտ արտադրվում է համապատասխան գործարաններում։ Մեր
աշխատանքները վերաբերում են բետոններին, մենք առաջարկում ենք ցեմենտի ավելի քիչ ծախսով ստանալ ավելի ամուր բետոն»։ ՚
Աննա ԶԱԽԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930