Թուրքական T24 լրատվականում հոդվածագիր Մուրադ Բարդաքչըն կիսվել է իր տպավորություններով՝ 2016թ. հունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանում ընդունված Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի վերաբերյալ։
Բարդաքչըն առաջին հերթին ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ նախագծի ընդունվելուց հետո Գերմանիայի Բունդեսթագի առջև հավաքված հայերի կողքին պատմական այդ որոշման ընդունումը տոնում էին նաև հույները։ Անդրադառնալով այդ փաստին՝ հոդվածագիրը գրում է. «Էկրանին տեսնելով այդ պատկերը՝ հիշեցի «Անհավատները մեկ ազգ են» խոսքը։ Այդ արտահայտությունը հիշատակվում է Ղուրանում»։
Բարդաքչըն զարմանալի ոչինչ չի տեսնում, երբ դավաճան են համարում Բունդեսթագում Հայոց ցեղասպանության հարցը բարձրացրած թուրքական արմատներ ունեցող Ջեմ Օզդեմիրին և ավելացնում է.«Ինչո՞ւ եք զարմանում։ Մեր պատմության վերջին շրջանի մանրամասները, հատկապես 1915թ. գաղթի նման ցավալի դեպքերը թաքցվում են, դասագրքերում այդ մասին նույնիսկ մեկ տող գրված չէ, երբ փորձում են կրթական այսպիսի փտած համակարգով ռոբոտ դաստիարակել, արդյունքը դա կլինի»։