Մինչ կառավարությունը պայքարում է մենաշնորհների ու օլիգոպոլիաների դեմ՝ զուգահեռ խոսելով փոքր ու միջին ձեռնարկատիրությանն աջակցելու անհրաժեշտության մասին, մանրածախ առևտրի ոլորտում կենտրոնացումը շարունակվում է։ Ավելի պարզ ասած, առևտուրը մանր խանութներից ու կրպակներից տեղափոխվում է մեծ խանութներ և սուպերմարկետներ։ Այս մասին փաստում է պաշտոնական վիճակագրությունը։
Այսպես, ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2016 թվականի հունվար-ապրիլին մանրածախ առևտրաշրջանառության ծավալը (նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ) կրճատվել է 4.6%-ով և կազմել 341.4 մլրդ դրամ։ Սակայն այդ նվազումը խիստ անհամաչափ է բաշխված առևտրի օբյեկտների միջև։
Օրինակ՝ կրպակների միջոցով իրականացվող առևտրաշրջանառության ծավալը նվազել է 4.1%-ով և կազմել 8.8 մլրդ դրամ։ Ավելի մեծ՝ 29%-անոց նվազում ունենք առևտրի այլ օբյեկտների շրջանառության գծով (ըստ ԱՎԾ պարզաբանման՝ սրանց մեջ մտնում են շարժիչային և կենցաղային վառելիքի մանրածախ վաճառքի կետերը)։ Սպառողական ապրանքների շուկաների առևտրաշրջանառությունը նվազել է 6.5%-ով և կազմել 22.9 մլրդ դրամ։
Գյուղատնտեսական ապրանքների շուկաների առևտրաշրջանառությունն աճել է 1.5%-ով, սակայն ծավալը դեռ շատ քիչ է՝ 5.5 մլրդ դրամ։ Իսկ խանութների միջոցով իրականացված առևտրաշրջանառության ծավալը տարվա առաջին 4 ամիսներին աճել է 1.7%-ով և հասել 258.5 մլրդ դրամի։
Թվում է աճը մեծ չէ, սակայն վերջին տարիներին փոքր խանութների
առևտրաշրջանառության կայուն կրճատման և մեծ խանութների առևտրաշրջանառության կայուն աճի արդյունքում ունենք մի վիճակ, երբ խոշոր խանութներին բաժին է ընկնում մանրածախ առևտրաշրջանառության 75.7%-ը։
Ընդհանուր առևտրաշրջանառության 6.7%-ը բաժին է ընկնում սպառողական ապրանքների շուկաներին, 13.4%-ը՝ առևտրի այլ օբյեկտներին, 2.6%-ը՝ կրպակներին, 1.6%-ը՝ գյուղատնտեսական ապրանքների շուկաների միջոցով։
Որպեսզի ավելի պարզ լինի, թե ինչպես է փոխվել վիճակը վերջին տարիներին, ճիշտ կլինի դիտարկել, թե ինչ համամասնություն էր մանրածախ առևտրաշրջանառության ոլորտում սրանից 10 տարի և 5 տարի առաջ։
Ինչպես տեսնում եք, 2006 թվականի հունվար-ապրիլին խանութների տեսակարար կշիռը 49.4% էր, իսկ կրպակներինը՝ 4%։ Դրանից 5 տարի անց՝ 2011 թվականի հունվար-ապրիլին, խանութների առևտրաշրջանառության տեսակարար կշիռը հասավ 67%-ի, իսկ կրպակներինը նվազեց մինչև 4%։ Այս տարվա թվերն արդեն ներկայացրեցինք։
Պաշտոնական վիճակագրությունը, ցավոք, չի մանրամասնում խանութների թվում որքան է եղել սուպերմարկետների շրջանառությունը, և որքանով է այն փոխվել։ Սակայն հաշվի առնելով վերջին տարիներին մայրաքաղաքում և մարզերում խոշոր խանութների/սուպերմարկետների քանակի աճը՝ կարելի է եզրակացնել, որ առևտուրը մանր օբյեկտներից տեղափոխվել է հենց գերխոշոր օբյեկտներ:
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում