Լրահոս
Օրվա լրահոսը

Հերոսի վերադարձը. ֆարս երկու գործողությամբ. «Չորրորդ իշխանություն»

Հունիս 07,2016 12:21

Սամվել Բաբայանի արցախյան «առաքելությանը» հեչ հաջող չսկսվեց։ Համակիրները մեծ շուքով դիմավորեցին նրան, ապա երթով շարժվեցին դեպի նախագահական ու պահանջեցին, որ Բակո Սահակյանն անմիջապես նրան նշանակի ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար, իսկ հաջորդ առավոտյան այդ ակցիայի կազմակերպիչներից մեկը՝ ԼՂՀ Աժ պատգամավոր Հայկ Խանումյանը, դաժան ծեծի ենթարկվեց։ Մի խոսքով՝ «համախմբման տոնի» փոխարեն ավելորդ լարվածություն առաջացավ։

Անկեղծ ասած՝ այս ամենը վատ բեմադրված ֆարս է հիշեցնում, որտեղ ակնհայտորեն ինչ-որ բան այն չէ, եւ կեղծիքն ու արհեստականությունն աչք են ծակում։ Առաջին անհեթեթությանն այն է, որ ժողովրդավարության ու մարդու իրավունքների համար պայքարող, առաջադեմ քաղաքական ուժի համարում ունեցող «Շարժում 88»-ը պահանջում է պաշտպանության նախարար նշանակել մի մարդու, ում նախկին գործունեությանը, մեղմ ասած, առանձնապես չի ասոցացվում ոչ ժողովրդավարության, ոչ մարդու իրավունքների պաշտպանության հետ։ Նույն հաջողությամբ Երեւանում կարող էին պահանջել, օրինակ, որ գեներալ Մանվելը նշանակվի համալսարանի ռեկտոր, իսկ Շմայսը՝ բանասիրականի դեկան։ Երկրորդ անհեթեթությունը բուն պահանջն է՝ Սամվել Բաբայանին նշանակել նախարար։ Ուշադրություն դարձրեք՝ ԼՂՀ նախագահ դառնալ նա չի կարող (վերջին տասը տարիներին մշտապես չի բնակվել ԼՂՀ-ում), բայց ասում են՝ ժամանակին, երբ պաշտպանության նախարար էր, փաստացի ինքն էր ղեկավարում Ղարաբաղը ու մեկ-մեկ էլ նախագահին չափալախ-բան էր տալիս (հետաքրքիր է՝ Ռոբերտ Քոչարյանին հասե՞լ են այդ լուրերը)։ Հիմա, փաստորեն, նրա կողմնակիցները պահանջում են վերադառնալ այդ նույն «կառավարման համակարգին»։ Հակառակ դեպքում Սամվել Բաբայանր միտինգում ելույթ
ունենալու փոխարեն դիմում կգրեր Բակո Սահակյանին՝ «Խնդրում եմ ինձ ընդունել աշխատանքի որպես ԼՂՀ ՊԲ հրամանատար՝ հաստիքացուցակով նախատեսված աշխատավարձով»։

Հիմա անդրադառնանք «մյուս կողմին»։ Հայկ Խանումյանին ծեծել են օրը ցերեկով, Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում, նախագահական նստավայրից հարյուր մետր հեռավորության վրա։ Ընդ որում՝ ականատեսների (օրինակ՝ «Սիվիլնեթ»-ի լրագրողի) վկայությամբ, պատգամավորին առեւանգողները եղել են զինվորական համազգեստով։ Հրապարակի այդ հատվածի յուրաքանչյուր քառակուսի սանտիմետրը, ի դեպ, տեսախցիկների հսկողության տակ է, եւ ցանկության դեպքում պատգամավորին առեւանգողները հեշտությամբ կգտնվեն։ Այսինքն՝ ակնհայտ կեղծիք են նաեւ այն պնդումները, թե հարձակվողներն «անհայտ անձինք» են եղել, պատճառները հայտնի չեն եւ այլն։ Ինչ-որ մարդիկ պարզապես ծեծել են նրան, ով ուզում է Ղարաբաղում իշխանության բերել մեկին, որն ինքն է ուզում ծեծել բոլոր նրանց, ովքեր իրեն դուր չեն զալիս։ Մի խոսքով՝ իրար արժեն։ Եվ
այդ ամենը որեւէ կապ չունի ոչ քաղաքականության, ոչ օրինականության, ոչ պետականության հետ։

 
Մարկ ՆՇԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930