Լրահոս
Օրվա լրահոսը

Իրականում որտեղ է թաքնված  կոռուպցիան. «Ժողովուրդ»

Հունիս 07,2016 11:50

2016 թվականի հունվարին, երբ ՊՆ-ն մատակարարների համար մրցույթ է հայտարարել, մի շարք ընկերություններ ինչ-ինչ պատճառներով կա՛մ չեն տեղեկացել, կա՛մ չեն հասցրել մասնակցելու հայտ ներկայացնել եւ արդյունքում գնումների հայտարարված մրցույթից դուրս են մնացել։ Օրինակ՝ սիսեռ արտադրող ընկերություններից մեկը ՊՆ-ում գնումների համար հայտարարված մրցությում հաղթել է եւ սիսեռը պետք է մատակարարի 350 դրամով իսկ, ահա, ձու մատակարարող ընկերությունը, շահելով մրցույթը, պետք է ՊՆ-ին ձու մատակարարի 50 դրամով։

Քառօրյա պատերազմից հետո ՀՀ-ում որոշ ընկերություններ, որոնք ձվի եւ այլ սննդամթերքի արտադրությամբ են զբաղվում, դիմել են պաշտպանության նախարարությանը՝ հայտնելով, որ եթե, օրինակ, ՊՆ-ի գնումների համար մրցույթում «Արաքս» թռչնաֆաբրիկան է հաղթել եւ այն ՊՆ-ին ձուն պետք է մատակարարի 50 դրամով, իրենք պատրաստ են ՊՆ-ին ձու մատակարարել 40 դրամով։

Հաշվի առնելով այն, որ իշխանություններն օրուգիշեր խոսում են ֆինանսական ռեսուրսների սղության մասին, թվում էր, թե ՊՆ-ն պետք է առավելագույնս ձգտեր ճիշտ եւ խնայողաբար տնօրինել ֆինանսական միջոցները, եւ մինչ այդ կայացած մրցույթը չեղյալ հայտարարեր՝ նոր, առավել մատչելի գնով ձվի մատակարարման հնարավորությունից օգտվելու նպատակով։ Սակայն, ինչպես պարզվում է, պատկերը միանգամայն այլ է։

«Ժողովուրդ»-ին տեղեկություններ հասան այն մասին, որ  երբ առավել  մատչելի մատակարարումների պատրաստ որոշ ընկերություններ առաջարկել են իրենց ծառայությունները, նրանք ՊՆ-ի կողմից մերժում են ստացել:

Իսկ թե ինչո՞ւ, «Ժողովուրդ»-ը այս հարցի պատասխանը փորձեց ստանալ պաշտպանության նախարարությունից։ Մենք, մասնավորապես, փորձեցինք պարզել, թե արդյո՞ք ճիշտ են տեղեկությունները, որ ՀՀ պաշտպանության նախարարության կարիքների համար հավկիթը ձեռք է բերվում «Արաքս» թռչնաֆաբրիկայից՝ հատը 50 դրամով։ Եթե այո, ապա երբ է «Արաքս» թռչնաֆաբրիկան մասնակցել ՊՆ-ի կարիքների մատակարարման համար հայտարարված գնումների մրցույթին, ընկերության հետ կնքված պայմանագիրը միևչեւ երբ է ենթադրում հավկիթի մատակարարում, եւ, վերջապես, քառօրյա պատերազմից հետո Հայաստանում գործող մի շարք թռչնաֆաբրիկաներ ՊՆ-ին իբրեւ աջակցություն առաջարկե՞լ են հավի ձուն մատակարարել 40 դրամով։ Մենք նաեւ խնդրեցինք հստակեցնել՝ արդյո՞ք այս տեղեկությունը ճիշտ է եւ եթե այո, ապա ի՞նչ պատասխան է տրվել էժան ձու առաջարկած թռչնաֆաբրիկաներին ու ի՞նչ հիմնավորմամբ։ Ի պատասխան մեր հարցմանը՝ ՀՀ ՊՆ աշխատակազմի ղեկավար Գ. Հայրապետյանը հայտնել է. «Գործող օրենքների համաձայն՝ սույն տարվա սկզբին ՀՀ ԶՈՒ կարիքների ապահովման համար հայտարարված մրցույթում հաղթել է ամենացածր գին առաջարկած կազմակերպությունը, որը մեկ ձվի դիմաց առաջարկել էր 61 դրամ։ Սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեկ այլ կազմակերպություն, որը չէր հասցրել մասնակցել մրցույթի, բայց ավելի ընդունելի պայմաններ էր առաջարկել (մեկ ձվի դիմաց՝ 50-53 դրամ), ապա համաձայն ՀՀ կառավարության ընդունած գնումների մասին օրենքի՝ որոշում է կայացվել երկրորդ կազմակերպության հետ կնքել ուղիղ պայմանագիր ողջ տարվա մատակարարման համար։ Երրորդ կազմակերպությունը սույն տարվա ապրիլի վերջին առաջարկել է մեկ այլ գին՝ մեկ ձվի դիմաց 40-45 դրամի շրջանակում (կախված փաթեթավորման տեսակից), սակայն «Գնումների մասին» ՀՀ օրենքը չի նախատեսում համապատասխան ընթացակարգ (խզել պայմանագիրը գործող մատակարարի հետ, ով իրականացրել է բարեխիղճ մատակարարում)։ Մյուս կողմից էլ գոյություն ունի սեզոնային գնանկում, որից էլ փորձել է օգտվել երրորդ ընկերությունը եւ առաջարկել է ցածր գին, ուստի ՀՀ պաշտպանության նախարարությունը ողջ տարվա համար մատակարարումը իրականացնելու վերաբերյալ պայմանագիր կնքած ընկերության հետ վարում է բանակցություններ տվյալ պայմանագրի շրջանակում գնի իջեցում կազմակերպելու համար»։

Ըստ մի շարք մասնագետների՝ ներկայումս գրեթե բոլոր ձու արտադրող ընկերությունների համար ձվի ինքնարժեքը կազմում է 40 դրամ,եւ արդեն 41, 42 43 դրամ վաճառելու դեպքում ընկերության սեփականատերերը զգալի շահույթներ են ստանում։

Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930