Լրահոս
Օրվա լրահոսը

«Իդեալիստական բաղադրիչը»

Հունիս 07,2016 11:47

Որ Բունդեսթագի բանաձեւը՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին, թելադրված էր նախեւառաջ Գերմանիայի պետական շահերով, Գերմանիա-Թուրքիա, ԵՄ-Թուրքիա հարաբերություններով, «վիզային» բանակցություններով, փախստականների խնդրով, դրա դիմաց տրվելիք գումարով, Եվրոպայում եւ Միջին Արեւելքում հակաքրիստոնեական բռնություններով՝ այդ ամենը ճիշտ է, եւ դրա մասին արդեն մի քանի օր է, որ արդարացիորեն խոսվում է։

Բայց ինձ թվում է՝ պետք չէ ամեն ինչ չափից դուրս պարզեցնել եւ մտածել, որ քաղաքականությունը չունի, այսպես ասած, «իդեալիստական բաղադրիչ»։ Նախ՝ Գերմանիայի եւ այլ ժողովրդավար երկրների խորհրդարանները մեծապես կախված են այդ երկրների հասարակական կարծիքից, այլ կերպ ասած՝ այն արժեքային համակարգից, որը դավանում է քաղաքացիների մեծամասնությունը։ Իսկ վերջինս թե Գերմանիայում եւ թե ամբողջ Եվրոպայում մերժում է քսենոֆոբիան եւ դրա վրա հիմնված բռնությունը։

Երբ 1970 թվականին Գերմանիայի այն ժամանակվա կանցլեր Վիլի Բրանդտը Վարշավայի հրեական գետտոյում շատերի համար անսպասելիորեն ծնկի իջավ նացիզմի զոհերի հուշարձանի առջեւ, դա, իհարկե, շատ գեղեցիկ եւ մարդկային ժեստ էր։ Բայց ասել, որ դրա տակ չկար ոչ մի հաշվարկ, նույնպես պարզամտություն կլիներ։ Դա մեսիջ էր ամբողջ աշխարհին, որ այսուհետ Գերմանիան առաջնորդվելու է ահա այս բարոյական սկզբունքներով եւ դրանցով է փորձելու առաջ տանել Եվրոպան։ Դա ուղիղ ճանապարհ էր դեպի Գերմանիայի վերամիավորումը, հզորացումը եւ համաեվրոպական արժեքների վերահաստատումը։ Այնպես որ՝ ցանկացած շահի մեջ պետք է լինի որոշակի «իդեալիստական», արժեքային բաղադրիչ։

Դա ոչ թե խանգարում է, այլ օգնում է քո հաշվարկները, քո շահերն առաջ տանելուն: Բոլոր երկրներն իրենց շահերի համար օգտագործում են բոլոր հնարավոր հանգամանքները: Դա նորմալ է, եւ այստեղ նեղվելու ոչ մի առիթ չկա: Մենք էլ պիտի դա անենք` չնայած պարզ է, որ մեր եւ Գերմանիայի հնարավորությունները համադրելի չեն: Բայց նախ պիտի ձեւակերպենք, թե ինչին ենք հավատում, գործով ապացուցենք մեր այդ «հավատալը» եւ հետո այլ երկրներում փնտրենք գտնել մեզ նման մտածողներին: Պետք է, օրինակ, հաշվի առնել, որ Ռուսաստանում ոչ բոլորն են մտածում Ռոգոզինի, Մարկովի կամ Եպիֆանցեւի նման:

Թուրքիայում նույնպես կան մարդիկ, որոնք կարծում են, որ Ցեղասպանությունը պետք է ճանաչել, եւ «ինքնամաքրումը» բխում է հենց այդ երկրի պետական շահերից: Նույնիսկ Ադրբեջանում կան մարդիկ, որոնք գիտեն, որ Արցախի հարցը հնարավոր չէ լուծել ռազմական ճանապարհով: Իհարկե, նրանք փոքրամասնություն են կազմում, որովհետեւ Ալիեւի ռեժիմը մարդկանց ուղեղները լվացել է, եւ նրանք անկեղծորեն կրկնում են պաշտոնական թեզը` «կա՛մ գնացեք, կա՛մ մենք ձեզ կմորթենք»: Դա ոչ այլ ինչ է, քան պատերազմի քարոզ: Բայց մեր շահերից է բխում գտնել այնպիսի ադրբեջանցիների, որոնք խիզախություն ունեն այդ հիստերիային հակադրվելու:
Սրանք բոլոր այն դեպքերն են, երբ մեր «իդեալիստական» եւ շահերի բաղադրիչները համընկնում են:

 
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Այս նիւթին մէջ չափազանց դժուար է տեսնել «իդեալիստական բաղադրիչ», երբ որ այդ վեհ ու ազնուական բաղադրիչը յատնվում է… հարիւր-մէկ տարիներ ետք:

    Նոյն տեսանկիւնից, շատ տարօրինակ է յուզումնալից շնորհակալութիւններ յայտնել մէկուն, որովհետեւ ան տարրական ճշմարտութիւնն է ասում: Այդ ալ՝ հարիւր-մէկ տարի ուշացումով:

    Ցեղասպանութեան ճանաչման այս նիւթը այլեւս երկրորդական է: Անկարեւոր չէ, սակայն երկրորդական է: Առաջնահերթը՝ Արցախի ճակատն է, եւ Հայաստանի վերականգնումը: Մեր բոլոր ուժերը այդ ուղղութեամբ պէտք է որ գործեն:

    Մ. Հայդուկ Շամլեան, Գանատա
    https://www.shoushisummercamp.org/

    • Հ.Շ. says:

      Յ.Գ. Անշուշտ եթէ նոյն բանը «Հայաստանցի» մը ըսէր,
      նոյն ձեւով պիտի չհնչէր…

      Սակայն, ափսոս, այդ ալ արդարացի հիմունքները ունի:

      Ինչպէս որ շատ մը Սփիւռքահայեր բաւարար չափով գիտակից չեն Արցախի Հիմնախնդրին կամ Հայաստանի ընդհանուր դժուարութիւններուն, Մայր Հայրենիքի մէջ ալ նորմալից աւելի է թիւը անոնց որոնք մի քիչ շատ տրամադիր են հապճեպ կերպով Ցեղասպանութեան նիւթը անցեալի մէջ թաղելու, այդ էջը դարձնելու, եւ Թուրքերի հետ գրկախառնուելու: Կարծելով թէ այդ ձեւով կը նուազին Հայաստանի խնդիրները:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930