Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆԻ կենտրոնը դատապարտում է Խանումյանի հանդեպ բռնությունը

Հունիս 07,2016 08:29

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը, որպես Արցախյան հարցով մասնագիտացված հաստատություն, դատապարտում է Ստեփանակերտում Հայկ Խանումյանի հանդեպ իրականացված անմարդկային, ոչնչով չարդարացված հաշվեհարդարը:

Խանումյանի նկատմամբ իրականացված քստմնելի, ստոր հանցագործությունը չի կարող չունենալ քաղաքական ենթատեքստ, քանի որ նա Արցախի Ազգային ժողովի պատգամավոր է, Արցախում գրանցված և օրինական գործող քաղաքական կուսակցության համահիմնադիր ու ղեկավար:

Փաստացի, Խանումյանը միակ ընդդիմադիր պատգամավորն է, ով հետևողականորեն քննադատել է իշխանությունների քաղաքականությունը տարբեր հարցերում, բայց նաև կառուցողական դիրքորոշում ունեցել նույն այդ իշխանությունների կողմից որդեգրված այլ նախաձեռնությունների նկատմամբ:

Խանումյանը և նրա երիտասարդ կուսակիցները, ստեղծելով Ազգային վերածնունդ կուսակցությունը և հաղթահարելով խորհրդարան անցնելու հինգ տոկոսի շեմը առաջին իսկ իրենց ընտրություններում՝ նոր ոճ, նոր մշակույթ, նոր շունչ և նոր երանգ էին բերել Արցախի ներքաղաքական դաշտ:

Խանումյանի հանդեպ այս ոճրագործ արարքը առաջին հերթին վնասում է Արցախի ժողովրդավարական իմիջին և հարվածում հայկական երկրորդ, չճանաչված հանրապետության հեղինակությանը՝ նրան դնելով նույն նժարի վրա բռնատիրական Ադրբեջանի հետ, որտեղ այլակարծությունը խեղդվում է ծեծ ու ջարդի, բանտարկության միջոցով և կյանքի հանդեպ սպառնալիքներով:

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը Արցախի իշխանություններին, առաջին հերթին՝ իրավապահ մարմիններին, հորդորում է չկոծկել օրը ցերեկով կատարված հանցագործությունը, շուտափույթ կերպով ձերբակալել հանցագործներին և նրանց պատժել օրենքի ողջ խստությամբ:

Հայկ Խանումյանի նկատմամբ ստորագույն հանցագործության պատասխանատուն Արցախի բարձրագույն իշխանություններն են, եթե ժամ առաջ հանցագործները չկանգնեն դատարանի առաջ:

Հակառակ դեպքում, ոչ միայն  կասկածի տակ է դրվելու Արցախի իշխանությունների՝ ժողովրդավարությանը, մարդու իրավունքների պաշտպանությանն ու օրենքի գերակայությանը նվիրված լինելու հայտարարությունները, այլև սեպ է խրվելու Հայաստան-Արցախ արհեստական տարանջատման մեջ, ինչպես դա եղավ Ժիրայր Սեֆիլյանի և նրա համախոհների հանդեպ Բերձորում իրականացված բռնությունների օրերին:

Դատապարտելի են նաև Արցախի իշխանական և իշխանամերձ շրջանակների ակնարկները Հայկ Խանումյանի՝ բնիկ արցախցի չլինելու իրողության շեշտադրելը:

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930