Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Զոհված հերոսի հայրը մատաղ էր արել (տեսանյութ)

Հունիս 07,2016 16:00

Քառօրա պատերազմի ամենաթեժ մարտերի ժամանակ զոհված 20-ամյա Անդրանիկ Զոհրաբյանի տանը նախօրեին հավաքվել էին ընտանիքի ազգականներն ու հարազատ մարդիկ: Զոհված զինծառայողի հայրը մատաղ էր արել: Մեր զինվորներին անփորձանք ծառայություն ու բարի վերադարձի մաղթանքի խորհրդով մատուցած մատաղից օգտվել են նաև սահմանապահ դիրքերում կանգնած զինվորները:

Զոհված զինծառայողի հայրն իրեն ուղեկցող Վեդու ԲԿ տնօրեն Մելքոն Տալոյանի հետ անձամբ հասավ սահմանապահ դիրքեր, սահմանին կանգնած քաջարի զինվորների հետ հիշեցին քառօրյա պատերազմում ընկած բոլոր հերոսներին ու հանուն մեր ապագայի իրենց կյանքը զոհաբերած մարտիկների հիշատակը վառ պահելու համար իրենց աղոթքն ուղղեցին առ Աստված: Ընտանիքի միակ որդին` Անդրանիկը, այս տարի պիտի զորացրվեր, հուլիսին պիտի վերադառնար տուն, սակայն ապրիլյան պատերազմը դաժան հետք թողեց նաև Զոհրաբյանների ընտանիքում:

Անդրանիկը ծառայում էր ԼՂՀ Մարտակերտի շրջանում: Այստեղ Անդրանիկի համար կիսատ թողած շատ գործեր կային, ուսում, ֆուտբոլային մարզիչ դառնալու մեծ երազանք …

Ամեն անգամ, երբ ճանապարհում են հյուրերին, իրենց պատերի ներսում մնում ՝ իրենց վշտի հետ միայնակ, հաճախ են քննարկում- վերլուծում, թե որտե՞ղ թերացան, միգուցե կարող էին փրկել որդուն, որ ընտանիքի ծուխը չկտրվեր… Ծնողները երբեմն մեղադրում են իրենց, որ որդու տեսողության հետ կապված խնդրի հետ հաշվի չնստեցին: Հայրը հոգու խորքում գուցե զղջում է, որ կարող էր որդու տեսողական խնդիրը միջոց դարձնել, խուսափել դիրքերում ծառայութունն անցկացնելու վտանգից, բայց ասում է՝ քայլ չեմ արել… որովհետև Անդրանիկը չթողեց… «Ասաց` պապ, գիտեմ որ դժվար է, ես կգնամ էնտեղ ուր կպատահի, իմ ձեռքով կքաշեմ թուղթը ու հանգիստ խղճով կգնամ ծառայության: Ուրախացել էր, որ Ղարաբաղ էր ընկել…»:

Ու ամեն անգամ, այս ծանր հոգեվիճակում որդուն փրկել չհասցրած հայրը հիշում է, որ ինքն է գիտակցաբար ուզել մեկնի ծառայության, դա եղել է Անդրանիկի ընտրությունը: «Այսօր ինձ մնում է իմ մեծ կորստի վշտի ու տառապանքի մեջ ապրել միևնույն ժամանակ հպարտության զգացումով, որ որդիս իր զինակից ընկերների հետ պայքարել է արյան գնով ու ընկել հանուն հայրենիքի»-ասում է Ատոմ Զոհրաբյանը:

Անդրանիկ Զոհրաբյանը կապիտան Արմենակ Ուրֆանյանի ղեկավարած փոքրաթիվ վաշտի զինվորներից էր, զոհվեց ապրիլյան պատերազմի ամենաուժեղ մարտերից մեկի ժամանակ, Մարտակերտի ուղղությամբ տեղակայված դիրքերը անձնվիրաբար պաշտպանելիս`Արմենակ Ուրֆանյանի, Ռոբերտ Աբաջյանի ու Քյարամ Սլոյանի հետ նույն խրամատում: Ուրֆանյանի ղեկավարած վաշտի փոքրաթիվ զինվորները ռազմական գործողությունների առաջին գիշերը մի քանի անգամ հետ էին շպրտել հակառակորդի՝ իրենց գերազանցող ուժերին՝ անհավասար մարտում ցուցաբերելով բացառիկ մարտունակություն եւ հերոսություն: Հակառակորդի առաջին գրոհը տղաները հաջողությամբ հետ էին մղել, ապա շարքից հանել էին հակառակորդի մեկ տանկ եւ տապալել գրոհի երկրորդ փորձը: Ամբողջ ընթացքում վաշտը կռվել է հակառակորդի ինտենսիվ հրետակոծության տակ՝ ոչ մի քայլ չնահանջելով:

Երբ հակառակորդը դիտակետերը շրջանցելով՝ ներթափանցել է դիրք, Ռոբերտ Աբաջյանը վիրավորվել է, մի կերպ վիրավորված Անդրանիկ Զոհրաբյանին իր հետ տանելով՝ նահանջել է մինչեւ վերջին խրամախորշ, որտեղից կապ է հաստատել գումարտակի հրամանատարի հետ, զեկուցել իրավիճակի մասին, շարունակել են կրակել մինչեւ իրենց մոտ եղած վերջին փամփուշտը: Իսկ երբ հակառակորդը մոտեցել է, դուրս է եկել, պարզել իր մոտ մնացած միակ նռնակը՝ իբր ուզում է հանձնվել, ապա պայթեցրել է իրեն ու հակառակորդի մի քանի զինվորների:

«Այս չորս զոհվածներն այդ օրը խրամատում իրենց թափած արյամբ հարազատ եղբայրներ են դարձել ու մեր ընտանիքներին կապել են իրար: Իրենք իրենց կյանքի վերջին վայրկյանները իրար հետ են անցկացրել, իրար հետ են խոսել, հաստատ մեկը մյուսին ձայն է տվել, ինչ-որ բան է ասել»,- ասում է զոհված զինծառայողի հայրը: Հերոս Անդրանիկ Զոհրաբյանը Հանրապետության նախագահի կողմից հետմահու պարգևատվել է Մարտական խաչ շքանշանով:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930