Լրահոս
Օրվա լրահոսը

Պետպատվերով բուժվողները վճարում են հետազոտությունների դիմաց. «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ»

Հունիս 06,2016 22:11

«Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հայաստանյան հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետները հունիսի 6-ին «Կոնգրես» հյուրանոցում ներկայացրեցին կենտրոնի` «Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ բուժօգնության ոլորտում կոռուպցիոն ռիսկերի գնահատում» ուսումնասիրությունը, որն իրականացվել է «Տարածքային զարգացման եւ հետազոտությունների կենտրոնի» հետ համատեղ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ:

Թրանսփարենսի Ինթերնեյշնլ

«Առողջապահության ոլորտում բարեփոխումները սկսվել են 90-ականներից: Բավականին առաջընթաց է եղել, սակայն դեռեւս առկա են համակարգային խնդիրներ, որոնք կոռուպցիոն ռիսկերի տեղիք են տալիս: Մենք ոչ թե ուսումնասիրել ենք առողջապահության ոլորտում կոռուպցիայի տարածվածությունը, այլ փորձել ենք հասկանալ` որո՞նք են համակարգային խնդիրները, որոնք հնարավորություն են տալիս օգտագործել օրենսդրական բացերը եւ հանգեցնել կոռուպցիոն դրսեւորումների»,-ասաց «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հայաստանյան հակակոռուպցիոն կենտրոնի փոխտնօրեն Սոնա Այվազյանը: Նա հիշեցրեց, որ «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ»-ի` 2003թ.-ի տվյալներով` առողջապահության ոլորտը եղել է ամենակոռումպացված ոլորտների եռյակում:

Ըստ ուսումնասիրության` պարզ չեն անվճար եւ արտոնյալ պայմաններով հիվանդանոցային բուժօգնության ենթակա հիվանդությունների ցանկերի որոշման չափանիշները: Պետական ֆինանսավորման ծավալները չեն բավականացնում սոցիալապես անապահով եւ հատուկ խմբերի ցանկում ներառված անձանց անհրաժեշտ եւ որակյալ բուժօգնություն տրամադրելու համար, մինչդեռ այդպիսի անձանց դիմելիության թիվը տարեցտարի աճում է: Այդպիսի անձանց անվճար տրամադրվող դեղորայքը բավարար արդյունավետ չէ:

«Բժիշկների նշանակած դեղորայքը հիվանդին հասցնելու գործընթացը թափանցիկ չէ, իսկ նշանակված դեղորայքն ամբողջ ծավալով տրամադրելու նկատմամբ չի իրականացվում բավարար վերահսկողություն: Գործիքային հետազոտությունների կատարման համար հաճախ պետպատվերով բուժվող հիվանդները առանց ուղեգրի մի բուժհաստատությունից ուղարկվում են մեկ այլ բուժհաստատություն ու վճարում այդ հետազոտությունների դիմաց: Ամբողջությամբ անվճար բուժօգնության մատուցման ոլորտում առկա է ոչ պաշտոնական վճարների պրակտիկա»,-ասվում է հետազոտության մեջ: Միաժամանակ նշվում է, որ պետպատվերի շուրջ բնակչության իրազեկվածության մակարդակն իրավունքների մասին բավարար չէ, իսկ բուժհաստատությունները չեն ապահովում քաղաքացիների իրազեկման սահմանված պահանջները:

Քննարկմանը ներկա էր նաեւ ԱՆ Առողջապահական պետական գործակալության պետ Սարո Ծատուրյանը: Նա նշեց, որ մատնանշված խնդիրներն Առողջապահության նախարարության ուշադրության կենտրոնում են. «Մենք քաջատեղյակ ենք այդ խնդիրներից, դրանք բազմիցս քննարկել ենք: Բավականին խորը եւ հանգամանալից հետազոտություն է, որի արդյունքները նախարարությունում նախնական քննարկվել են: Մենք նշել ենք, որ որոշ հարցեր ավելի խորը ուսումնասիրության կարիք ունեն: Առողջապահության ոլորտի կոռուպցիոն ռիսկերը բազմակողմանի գործոնների հետեւանք են եւ կապ ունեն ինչպես իրավական կարգավորումների, այնպես էլ մեր երկրում առողջապահության ֆինանսավորման ոչ բավարար մակարդակի հետ»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930