Լրահոս
Օրվա լրահոսը

«Հողս գրկեմ Է, գրկեմ» հայրենասիրական կինոնկարը պատում է 1990-ականների սահմանամերձ գյուղի մասին

Հունիս 06,2016 20:00

Դերասան Կարեն Մկրտչյանը վերջերս երկրորդ գեղարվեստական ֆիլմը ներկայացրեց հանդիսատեսի դատին: «Զընգը զընգը» առաջին ֆիլմը Ցեղասպանության մասին է, որի առաջին ցուցադրությունը  եղել է Թուրքիայում՝ Ստամբուլում 4 տարի առաջ: 1 ժամ տևողությամբ «Հողս գրկեմ Է, գրկեմ» հայրենասիրական կինոնկարը պատում է 1990-ականների սահմանամերձ գյուղի մասին:

Առաջին ցուցադրությունն օրեր առաջ կայացավ Երևանում՝ «Մոսկվա» կինոթատրոնում: Հունիսի 5-ին ֆիլմը ցուցադրվեց Ստեփանակերտի երիտասարդության պալատում: Գլխավոր հերոսի՝ Սիրուն Անդոյի դերում հանդես է գալիս հեղինակը: Ի ծնե հաշմանդամ ու համր՝ Սիրուն Անդոն հայրենի հողը պաշտող, հայրենի հողը գրկող անձնավորությունն է՝ սիրված համագյուղացիների կողմից: Ֆիլմում հերոսներից նախկին զինվոր Վալոդը(Արթուր Խաչատրյան) Աֆղանստանի պատերազմի մասնակից է, ամուրի: Ոստիկան Հայկ Գրիգորյանը (Արման Դանիելյան) մենակ է մեծացնում Արև դստերը: Խոդավիկ Գառնիկը (Լեռնիկ Հարությունյան) առևտրական կնոջ պահանջով  ուզում է Երևան տեղափոխվել, այդ պատճառով համագյուղացիները նրա հետ չունեն: Գյուղի երիտասարդներից  է Զորոն, ով սիրահարված է ոստիկան Արևին: Հայրենապաշտությունը Ֆիլմի առանցքն է: Երկրաշարժից հետո, պատերազմական իրադարձություններից առաջ, շատերը հեռանում են Հայաստանից, սակայն մնում են հայրենիքի պաշտպանները: Մարտական գործողություններ քիչ են նկարված, բայց մշտապես զգացվում է կռվի շունչը, և գյուղի տղամարդիկ զինվում են:

Ոստիկան Հայկն առաջին անգամ կոպիտ է խոսում դստեր հետ, երբ մեկնում է մարտական դիրքեր: Արևի՝ ու՞ր ես գնում հարցին պատասխանում է. «Քո գործը չէ»: Արևը, սակայն, նույն պատասխանն է ստանում նաև դիրքեր մեկնող Զորոյից (Ակիմ Մկրտչյան), ով եկել էր հայտնելու իր սերը: Ոստիկան Հայկն ու Վալոդը զոհվում են, երբ Զորոյի հետ գիշերով գնում են հետախուզության: Ճանապարհին Վալոդը Զորոյին խորհուրդ է տալիս շուտ ամուսնանալ. «Պատերազմը նման է լիրբ կնոջ, որին մեկ անգամ հանդիպելուց հետո, նորից ես ձգտում..», -ասում է նա: Վիրավոր Զորոն զոհված ընկերների կողքին արևի լույսին էր սպասում, և լուսաբացին նրան  գտնում, օգնում ու տուն է բերում Սիրուն Անդոն:

Ընդառաջ է գալիս Արևը, ով երազում մահացած մորն էր տեսել: Ֆիլմն ավարտվում է Խադավիկ Գառնիկի պատերազմ մեկնելով: Նա ծածկի տակ է կանգնեցնում մեքենան, որով Երևան պետք է գնար, հագնում  նույն նպատակով փայլեցրած կոշիկները, վերցնում է հրացանը և միանում մարտադաշտ գնացող համագյուղացիներին:

Իսկ Սիրուն Անդոն գրկում է հայրենիքի գարնանային հողը: Կարեն Մկրտչյանը նշեց՝ ֆիլմը նկարելիս իր ցանկությունն է եղել պատմել բարի ու հայրենապաշտ մարդկանց մասին. այդպիսիք են սիրում ու տերություն անում անտեր-անօգնականին, ինչպիսին Սիրուն Անդոն է՝ գլխավոր հերոսը: Այս է հուշում նաև այն պահը, որ հետախուզության գնալուց առաջ Վալոդը լողացնում է հաշմանդամին՝ կանխազգալով իր մահը: Լավ ապագայի խորհուրդ է այն, որ ուսուցչուհին «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունն ընթերցում է իր դեռ չծնված երեխայի և դպրոցի միակ աշակերտի՝ Պավլիկի համար:

Հեղինակ-ռեժիսորը ֆիլմի կայացումը համարում է իր և ստեղծագործական խմբի համատեղ աշխատանք, շնորհակալ է Նավուրի բնակիչներից: Կինոնկարում հանդես եկող Պավլիկին, ով դժգոհ էր Երևան տեղափոխվելու ցանկություն ունեցող ծնողներից, մարմնավորում է նույն գյուղի բնակիչ Ռուբեն Դալլաքյանը: Հայրենիքի սերն զգալի է նաև ֆիլմում հնչող երգերից, որոնցից է «Ղարաբաղի հորովել»-ը՝ Վարդան Բադալյանի կատարմամբ:

 Զ. Ըռքոյան  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930