Լրահոս
Օրվա լրահոսը

Սպանված կուրսանտի գործ. Գարիկ Գալիկյանը հրաժարվեց իր պարտականություններից

Հունիս 06,2016 18:22

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին դատարանում հունիսի 6-ին դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ շարունակվում էր 2015 թվականի հունվարի 28-ին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի գործի քննությունը:

Դատական նիստի ընթացքում որպես տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ ներգրավվեց Անի Թորոսյանը: Հիշեցնենք, որ տուժողի իրավահաջորդ Արկադի Բարսեղյանի շահերը պաշտպանում է նաեւ փաստաբան Գարիկ Գալիկյանը: Վերջինս, սակայն, դատական նիստի ընթացքում հայտարարեց, որ  հրաժարվում է իր ծառայությունները մատուցել, մասնակցել դատական նիստերին եւ խնդրեց դատարանին՝ գործից իրեն հեռացնելու վերաբերյալ որոշում կայացնել. «Պարոն Բարսեղյանը, ըստ էության, չի ցանկանում, որ ես հրաժարվեմ, հարգելի՛ դատարան: Թույլ տվեք պատճառների մասին ավելի չմանրամասնեմ, բայց ըստ էության,  ես հրաժարվում եմ իմ պարտականությունները կատարելուց, քանի որ գործով ամբաստանյալ չի, եւ ես կաշկանդված չեմ, ուստի ես այդ հայտարարությունն անում եմ»:

Արկադի Բարսեղյանը հայտարարեց, որ այդ թեմայի շուրջ զրուցել է Գարիկ Գալիկյանի հետ, սակայն համաձայնության չեն եկել, եւ ինքը ցանկանում է,  որ նա շարունակի պաշտպանել իր շահերը: Պատասխանելով դատարանի հարցերին՝ Արկադի Բարսեղյանն ասաց՝ դեմ է, որ Գալիկյանն իր պարտականությունները դադարեցնի:

Դատավոր Դավիթ Հարությունյանը առաջարկեց Գարիկ Գալիկյանին ժամանակ տրամադրել: Վերջինս պատասխանեց, որ չէր ցանկանա, որպեսզի դատական  նիստն այդ հիմքով հետաձգվեր, քանի որ այլ ներկայացուցիչ կա. «Եթե դատարանը նպատակահարմար է գտնում, որ միգուցե 1-2 դատական նիստ ինձ ժամանակ տրվի, ես որեւէ խնդիր չեմ տեսնում՝ հարգելով դատարանի եւ տուժողի իրավահաջորդի կարծիքը: Բայց ես կխնդրեմ, որպեսզի ինձ հնարավորություն ընձեռնվի այս դատական նիստին ներկա չգտնվել»:

Դավիթ Հարությունյանը նրան այդ հնարավորությունը տվեց: Գարիկ Գալիկյանը հայտարարեց, որ տուժողի իրավահաջորդի հետ բացարձակապես ոչ մի խնդիր չունի, նույնն էլ Անի Թորոսյանի հետ: Նա դատարանին հայտնեց, որ գրավոր իր դիրքորոշումը կհայտնի եւ հեռացավ դատական նիստերի դահլիճից:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930