Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԱԾ-ում վերեւների միջնորդությամբ աշխատանքի չեն ընդունում. պնդում է Արզուման Հարությունյանը

Հունիս 06,2016 17:07

ԱԱԾ պետի տեղակալ Արզուման Հարությունյանն այսօր ԱԺ-ում ներկայացրեց կառավարության նախագիծը՝ ԱԱԾ մարմիններում ծառայության մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու:

Առաջարկվում է, որ այսուհետեւ ԱԱԾ-ում ծառայության անցնելու պահանջներից լինի պարտադիր զինվորական ծառայության անցած լինելը՝ բացառությամբ իգական սեռի ներկայացուցիչների. «Հաշվի առնելով ներկա իրավիճակը եւ ԱԱԾ-ի առաջ ծառացած նոր մարտահրավերները՝ առաջարկում ենք հնարավորություն ստեղծել, որ ԱԱԾ-ի նեղ մասնագիտական կրթություն պահանջող առանձին պաշտոններ համալրվեն գիտական աստիճան ունեցող եւ պարտադիր զինվորական ծառայությունից ազատված, հետագայում պահեստազորում գրանցված անձանցով»:

Հաջորդ փոփոխությունը կապված է ԱԱԾ-ում ծառայության ժամկետների հետ: Օրենքի համաձայն, գեներալ-մայոր, գեներալ-լեյտենանտի ծառայության տարիքը սահմանված է 60 տարի, իսկ գեներալ-գնդապետի համար՝ 65 տարի: Հիմա առաջարկվում է, որ սպայական բարձր կոչում ունեցողների ծառայության համար մեկ ընդհանուր տարիք սահմանվի՝ 65 տարեկան:

ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը նկատեց, որ եթե 60 տարեկանը փոխեն 65-ի, դա ֆինանսական փոփոխություն կառաջացնի, ծախս է, նշանակում է, մենք այդքան մարդկանց 5 տարի հետո ենք թոշակի ուղարկելու: Արզուման Հարությունյանը պատասխանեց. «Գեներալ-լեյտենանտի կոչում ԱԱԾ համակարգում ընդամենը 4 հոգի ունենք, այնպես որ, մեծ խնդիրներ եւ բյուջեում ծանր վիճակ հաստատ չենք հասցնելու»:

ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանի դիտարկմամբ՝ «Առաջարկվող մեկ փոփոխությունն իր մեջ ռիսկեր է պարունակում: Համաձայն եմ, որ գիտնականներ համակարգում պետք է լինեն, բայց ինչո՞ւ դա պետք է լինի բանակ չգնացածների հաշվին: Մենք բոլորս էլ գիտենք, թե ովքեր չեն ծառայում բանակում՝ դրանք պատգամավորների, օլիգարխների, նախարարների, տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների զավակներն են: Հիմա մտավախություն չունե՞ք, որ ԱԱԾ համակարգը կդարձնեք կադրերի նշանակման բյուրո այնպիսի գիտնականների համար, որոնց գիտնական համարելը առնվազն անպարկեշտություն կլինի: Իսկ իսկական գիտնականները, այս անհավասար մրցակցության պայմաններում, որտեղ բոլորս էլ հասկանում ենք, որ հաղթելու է պատգամավորի, նախարարի երեխան, դուրս կմնան»:

Արզուման Հարությունյանն ասաց, որ գիտնականին աշխատանքի են ընդունելու՝ կոնկրետ առաջադրանք կատարելու համար, ոչ թե դա անելու են մեքենայորեն. «Անհոգ եղեք, միջնորդությամբ ԱԱԾ-ում ընդունելություն գրեթե չի լինում»:

Նաիրա Զոհրաբյանը չհավատաց՝ կարծես ԱԱԾ- ն օազիս է ինչ-որ. «Եթե էդպես է՝ ողջունելի է, պարզապես մենք բոլորս էլ գիտենք, որ անհավասար պայմաններում է հայտնվում նա, ով չունի պատգամավոր, նախարար հայր, իսկ ունեցողը, չգիտես ինչու, բարձր մակարդակի գիտնական է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930