Լրահոս
Օրվա լրահոսը

Հակաօդային անկախությունը հանձնվում է Ռուսաստանին

Հունիս 06,2016 11:05

Ուրբաթ օրը Ազգային Ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում դրական եզրակացություն ստացավ «ՀՀ և ՌԴ միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրը, որն արդեն առաջիկա օրերին կքննարկվի ԱԺ լիագումար նիստում:

Թեև պաշտոնատար անձինք հայտարարում են, որ այդ համաձայնագրով Հայաստանի անվտանգությունը միմիայն կշահի և Զինված ուժերը չեն կորցնի իրենց անկախությունը, սակայն համաձայնագրով այլ բան է ամրագրված:

ՀՕՊ-ի միավորում

Ինչպես հայտնի է, Գյումրիում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմական կայանի հակաօդային ստորաբաժանումները ու Երեւանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ռուսական ավիախումբը ՀԱՊԿ-ի սահմաններում կրում են Հայաստանի օդային տարածքի պաշտպանության պարտականությունը (համաձայն «ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմակայանի մասին 1995 թվականի պայմանագրի 3-րդ հոդվածի):

Իսկ ահա նոր համաձայնագով նախատեսվում է, որ պատերազմական, ինչպես նաև «ռազմաքաղաքական» վտանգի ժամանակ Հայաստանի տարածքում տեղակայված Հայաստանի և Ռուսաստանի դաշնության հակաօդային պաշտպանության զորքերը պետք է գործեն միասին և չեն կարող ինքնուրույն գործողություններ կատարել:
Ընդ որում, որպեսզի հանկարծ կողմերից «մեկը» չկատարի հակաօդային զենքերի «չարտոնված» օգտագործում, պայմանագրի հավելվածով նախատեսվում է նման դեպքերը կանխող «գործողությունների» կազմակերպում:

Ավելին, անգամ խաղաղ ժամանակ ՀՕՊ զորքերը ամբողջական ինքնուրույնություն են պահպանում միմիայն «ամենօրյա» գործունեության կազմակերպման հարցում (մյուս հարցերում ինքնուրույնությունը բավականին նվազեցված է):
Եվ եթե խաղաղ ժամանակ կողմերը կարող են մասնակիորեն ինքնուրույն ղեկավարել յուր ՀՕՊ ուժերը, ապա պատերազմի, կամ, ինչպես նշված է պայմանագրում «ռազմաքաղաքական» վտանգի ժամանակ կողմերն զրկվում են այդ անկախությունից… Ավելի ճիշտ, կողմերից մեկն է զրկվում այդ անկախությունից և այդ մեկ կողմը, բնականաբար, հայկական կողմն է:

ՌԴ հրամանատարության ներքո

Բանն այն է, համաձայնագրի 6-րդ հոդվածն ամրագրում է Հայաստանում տեղակայված Հայաստանի և Ռուսաստանի հակաօդային պաշտպանության զորքերի համատեղ գործողությունների ղեկավարման հիերարխիան: Ըստ նշված հիերարխիայի, համատեղ գործողույթունների ընդհանուր համակարգումը իրականացնելու է Ռուսաստանի Դաշնության օդատիեզերական պաշտպանության զորքերի հրամանատարը, գործողությունների ընդհանուր ղեկավարում իրականացնելու է Ռուսաստանի հարավային ռազմական շրջանի զորքերի հրամանատարը, և միայն գործողությունների անմիջական ղեկավարումն է, որ ընկնելու է հայկական կողմի վրա՝ ի դեմս հակաօդային պաշտպանության զորքերի հրամանատարի:

Այսինքն, Հայաստանի հակաօդային պաշտպանության ուժերի վերադաս հրամանատարությունը (ընդհանուր համակարգումն ու ղեկավարումը) անցնում են Ռուսաստանի Դաշնությանը:|

Այլ կերպ ասած, պատերազմի կամ «ռազմաքաղաքական» վտանգի ժամանակ Հայաստանի հակաօդային պաշտպանության ղեկավարությունը ստանձնելու է Ռուսաստանը:

Հետևապես ցավով պետք է արձանագրենք, որ համաձայնագիրը ինչ-որ չափով Հայաստանը նմանեցնում է Հարավային Օսեթիային ու Աբխազիային, որոնց ուժային կառույցների մի մասը պաշտոնապես դարձել են Ռուսաստանի ուժայինների ֆիլիալներ (ստորաբաժանումներ):
Դանիել Իոաննիսյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930