Երբ քառօրյա պատերազմը սկսվեց, առաջին իսկ պահից Արցախ մեկնեցին երկրապահ կամավորականները՝ գեներալ Մանվել Գրիգորյանի կոչով ու առաջնորդությամբ: Ուրիշ շատ կամավորականներ էլ անմիջապես մեկնեցին Արցախ, բայց առավել շատ նշվում էր գեներալ Մանվելի առաջնորդությամբ Արցախ մեկնածների մասին: Անձամբ տեսել եմ ու գիտեմ, որ շատերն էլ պատրաստ էին եւ նույնիսկ տենչում էին Արցախ՝ առաջին գիծ մեկնել, բայց հնարավորություն ու զենք չունեին:
Ասել ենք եւ էլի ուզում ենք կրկնել, որ նաեւ մեր կամավորականների, ինչպես նաեւ պոտենցիալ կամավորականների այդ գրոհային ու անձնվեր տրամադրվածությունն էր պատճառը, որ Ադրբեջանին ու անձամբ Ալիեւին ստիպեց սթափվել եւ զինադադար մուրալ: Նաեւ մերոնց միասնականությունն ու համախմբվածությունն էր ակնհայտ պատճառը:
Ցավոք սրտի, քառօրյա պատերազմից ու զինադադարից հետո մեր համախմբվածությունն ու միասնականությունն ակնհայտ ճաքեր տվեցին: Գրեթե բոլորն են համաձայն, որ այս զինադադարը խիստ հարաբերական է, եւ նոր բախումն անխուսափելի է: Եվ բոլորն են համաձայն այն մտքի հետ, որ կողմերից ով որ այս զինադադարն ու այս ընդմիջումն արդյունավետ օգտագործի՝ նա էլ կշահի:
Ես տեղյակ չեմ, թե մեր պաշտպանության նախարարությունն ու մեր բանակային հրամկազմն ինչպես են օգտագործում այս ընդմիջումը, բայց որ մեր քաղաքական գործիչները, լրատվամիջոցներն ու բոլորս կարծես թե նպատակադրված ի չարս ենք օգտագործում այս զինադադարը՝ դա ակնհայտ է: Ասածս վերաբերում է Մանվել Գրիգորյանի ու մյուսների վերաբերյալ խոսակցություններին:
Ամեն ինչ սկսվեց այն լրատվությունից, թե՝ գեներալ Մանվելն առաջնագծում հայհոյել է մեր զինվորներին: Անկախ այս լրատվությունից էլ՝ բոլորս գիտեինք ու վստահ ենք, որ Երկրապահի ղեկավարն առանձնապես աչքի չի ընկնում քաղաքավարի ու «կուլտուրական» բառապաշարով եւ հաստատ նախորդ պատերազմում էլ իր զինվորների հետ խոսակցությունների մեջ հայհոյանքներ օգտագործած կլինի: Այդ մասին գիտեինք, ենթադրում էինք, բայց շուրջ քսան տարի լռում էինք եւ բարձրաձայնում ենք հիմա, երբ, ավելի քան երբեւէ, մեզ համախմբվածություն ու միասնականություն է անհրաժեշտ:
Կարդացեք նաև
Ինչպես սովորական մարդիկ, գեներալներն ու հրամանատարներն էլ են տարբեր լինում՝ հայհոյող եւ չհայհոյող: Մենք չենք կարող պահանջել, որ բոլորը Մոնթե ու Լեոնիդ Ազգալդյան լինեն: Եթե լինեն, իհարկե, ավելի լավ կլինի:
Գեներալ ու հերոս Սամվել Բաբայանն էլ, ում Հայաստան վերադառնալը համարվում է մեծ իրադարձություն հատկապես գեներալ Մանվելին չսիրողների կողմից, կարծում ենք՝ առանձնապես աչքի ընկած չի լինի բարեկիրթ ու հայեցի բառապաշարով՝ մանավանդ պատերազմի թոհուբոհում:
Ինչքան էլ հակադրենք իրար Սամվել Բաբայանին ու Մանվել Գրիգորյանին, պիտի ընդունենք, որ նախորդ պատերազմում նրանք միասին են մեր հաղթանակը կերտել, եւ եթե ուզում ենք, որ մեր ռազմական հաղթանակները շարունակական լինեն, պիտի ամեն ինչ անենք, որ նրանք ու մեր մյուս գեներալներն ու հերոսները վերստին միասին ու միասնաբար պայքարեն հակառակորդի դեմ, եւ եթե նրանց միջեւ ռեալ հակասություններ կան, մենք՝ չկռվածներս ու կռվածներին դատողներս, պիտի ամեն ինչ անենք, որ այդ հակասությունները մեղմվեն եւ ընդհանրապես կորչեն գրողի ծոցը, այլ ոչ թե կրակի վրա յուղ լցնենք ու «շիրա տալով»՝ ավելի խորացնենք այդ հակասությունները:
Ռազմական բնագավառի «ռազբորկաների» համար մենք քսան տարի ժամանակ ունեինք, եւ եթե քսան տարի այդ թեմայով լռել ենք, հիմա առավել եւս պիտի լռենք՝ դրանք թողնելով առավել խաղաղ ժամանակների, եւ միշտ պիտի հիշենք, որ Ադրբեջանի պարտությունները ոչ միայն մեր հերոսների անձնվիրության ու անձնազոհության արդյունք էին, այլեւ որոշ չափով նաեւ՝ ադրբեջանցիների պառակտվածության:
ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ
«Առավոտ»
04.06.2016
ասեմ որ չանցավ կուտդ, 25 տարին քիչ չեր լավը վատից ազգը որ տարբերեր, վերջապես ով ով է իրականում, ու մի փորձեք անձնավորել ազգանվեր մարդկանց սահման գնալը ի շահ իբր մեկի կոչի, գիտակցող հայ մարդը գնալու էր, իսկ եթե զինվորին հայհոյելը քո համար հեչ բան է ինքն էլ այս պահին, երբ մարդ կարող է Աստված մի արա թքի ու հեռանա, հիմա գոնե դրա վտանգը հասկացաք…