Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին հայտարարել էր, որ ԵՄ-ն պատրաստվում է 15 միլիոն եվրո տրամադրել Հայաստանին՝ կոռուպցիայի դեմ պայքարի համար, սակայն եթե չտեսնեն կոնկրետ արդյունքներ, ապա այդ գումարը չեն փոխանցի:
Հունիսի 5-ին լրագրողները նրանից հետաքրքրվեցին, թե վարչապետ Հովիկ Աբրահամյանի կոռուպցիայի պայքարի մասին հայտարարությունից հետո, ինչպե՞ս է գնահատում Հայաստանում իրականացվող կոռուպցիայի դեմ պայքարը:
Պյոտր Սվիտալսկին պատասխանեց, որ ձեւավորվել է անկախ փորձագիտական խումբ, որը գնահատում է 2015 թվականի ընթացքում կատարված աշխատանքի արդյունավետությունը, եւ այդ ուսումնասիրության հիման վրա որոշում կկայացնեն, թե ինչքան գումար կփոխանցեն Հայաստանի Հանրապետության պետական բյուջե: Դեսպանը նշեց, որ 2016 թվականի ավարտին համապատասխան հայտարարությամբ հանդես կգան:
«Կարծում եմ՝ այն, ինչ վերջերս լսեցինք երկրի ղեկավարության կողմից բավականին ուժեղ եւ վստահ էր ասված: Մենք կողմնակից ենք այն ամենին, ինչ ասել է Հայաստանի Հանրապետության նախագահը իր փետրվարյան հայտարարությունում կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ: Մենք նաեւ ողջունել ենք այն հայտարարությունները, որոնք արել է Հայաստանի Հանրապետության վարչապետը: Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է վստահել մեզ կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում տրամադրվելիք աջակցության համար: Լավ գաղափարներ են հնչել»,- ասաց Պյոտր Սվիտալսկի:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ