Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռուս գործարարները չեն կարողանում իրենց արտադրանքը տեղափոխել ՀՀ». Յուրի Շուրիգին

Հունիս 04,2016 23:39

«Հայաստանյան շուկայի հանդեպ Ռուսաստանի հետաքրքրվածությունը բավականին մեծ է. ռուսական ընկերությունները ցանկանում են իրենց ապրանքները Հայաստանով հասցնել Իրան»,-հունիսի 4-ին Ծաղկաձորի «Ոսկու աշխարհ» հյուրանոցային համալիրում կազմակերպված «Եվրասիական Տնտեսական Միություն. Հայաստան-համագործակցություն» ամենամյա տնտեսական  համաժողովի ժամանակ ասաց ՌԴ առեւտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչ, «Ռուսաստանի արտահանողները» ծրագրի ղեկավար Յուրի Շուրիգինը:

«Ռուսական արտադրողների համար Իրանի շուկա մտնելու գործում Հայաստանի շուկան որպես միջնորդ է դիտվում: Մենք ամեն շաբաթ այդ նպատակով մեկ տասնյակ հարցումներ ենք ստանում ռուսական ընկերություններից, սակայն խնդիրներ կան: Օրինակ, Ստավրապոլի գործարարները, որոնք Հայաստանում գործընկերներ ունեն, մատնանշում են, որ հետեւյալ խնդիրն ունեն. չկան համապատասխան օպերատորներ, որոնք կկարողանային ապրանքները Ստավրապոլից տեղափոխել Հայաստան եւ ավելի հեռու: Եթե այս խնդիրը, որը ՌԴ մյուս երկրամասերին էլ է վերաբերում, լուծվի, ապրանքաշրջանառությունը ՀՀ-ի հետ կզարգանա»,-նշեց նա:

Շուրիգինի խոսքով` հայկական ընկերությունների համար ռուսական շուկա դուրս գալը դժվար չէ. «Միաժամանակ, Իրանի եւ Չինաստանի ընկերություններն իրենց արտադրությունը կարող են կազմակերպել Հայաստանում, որտեղից էլ դուրս կգան ԵՏՄ մյուս անդամ պետությունների շուկաներ: Ռուսաստանը հետաքրքրված է այս հնարավորությամբ»:

ՀՀ-ում ՌԴ առեւտրային ներկայացուցիչ Անդրեյ Բաբկոյի համոզմամբ` համաժողովը կնպաստի ԵՏՄ անդամ երկրների գործարարների միջեւ կապերի ամրապնդմանը: Բաբկոն հույս հայտնեց, որ հաջորդ ֆորումին կմասնակցեն նաեւ Ղազախստանի եւ Ղրղըզստանի ներկայացուցիչները:

«ԵՏՄ-ն տարածաշրջանային տնտեսական ինտեգրման նոր միջազգային կառույց է, որը մեծ ներուժ ունի եւ ունակ է արժանի տեղ զբաղեցնել աշխարհի մակրոտնտեսական համակարգում: Տարածաշրջանային տնտեսական ինտեգրումը նոր հնարավորություններ է ստեղծում համաշխարհային տնտեսության ճգնաժամային դրսեւորումները հաղթահարելու գործում»,-իր հերթին նկատեց ՀՀ-ում Բելառուսի արտակարգ եւ լիազոր դեսպան Իգոր Նազարուկը:

igor-nazaruk

Նա կարեւորեց մայիսի 31-ին Աստանայում կայացած  Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստերը, որոնց ընթացքում ԵՏՄ անդամ պետությունների ղեկավարները քննարկեցին Եվրասիական տնտեսական միության արտաքին առևտրատնտեսական հարաբերությունների հետագա ընդլայնմանը վերաբերող հարցեր:

Նազարուկն ընդգծեց, որ ԵՏՄ միասնական շուկան ենթադրում է կապիտալի, ապրանքների, աշխատուժի եւ ծառայությունների ազատ շրջանառություն. «Վստահ եմ, որ մեր միության երկրների տնտեսության ներդաշնակեցումը գործարար կապերը կդնի նոր եւ որակյալ հարթության վրա»: Դեսպանի բնորոշմամբ` աշխարհում տեղի ունեցող փոփոխություններն ավելի պետք է ամրապնդեն ԵՏՄ անդամ-երկրների միավորման ջանքերը. «Պատժամիջոցային հռետորաբանությունը փակուղի է, այն միջազգային մակրոտնտեսական հարաբերությունների անցյալն է»:

Համաժողովն աշխատանքները կշարունակի նաեւ վաղը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930