Այն նորոգելու համար դոնորների հետ բանակցում են
Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհը փոսառատ է: Ճանապարհի վիճակն առավել վատ է Փամբակ գյուղի տարածքում, ուր մեծ փոսերի պատճառով ավտոմեքենաները շարժվում են նվազագույն արագությամբ: Ճանապարհի վիճակը վատ է նաեւ Վանաձոր քաղաքի հյուսիսային մուտքի մոտ:
Տրանսպորտի եւ կապի նախարարության «Տրանսպորտի ԾԻԳ» պետական հիմնարկի տնօրեն Էմիլ Սարգսյանը նախարարության լրատվական ծառայությանը հայտնել է, որ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ 6) ճանապարհահատվածը հիմնանորոգելու նպատակով բանակցություններ են վարվել մի շարք դոնոր կազմակերպությունների հետ:
Կարդացեք նաև
Արդյունքում երկու դոնորի` Եվրոպական ներդրումային բանկի և Ասիական զարգացման բանկի հետ համաձայնություն է ձեռք բերվել: Ծրագիրը կազմում է մոտ 100 միլիոն եվրո, որի մի մասը կիրականացվի Եվրոպական ներդրումային բանկի, մյուս մասը` Ասիական բանկի ֆինանսավորմամբ: Եվրոպական բանկի հետ համաձայնագիրն արդեն ստորագրվել է, իսկ Ասիական զարգացման բանկի հետ բանակցությունները շարունակվում են:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ