Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում տեղի ունեցած գրաբարի երկրորդ օլիմպիադայի մրցանակաբաշխությանը: Արարատյան Հայրապետական թեմի «Գրաբարյան օրեր» ծրագրի շրջանակում 2014թ.-ից իրականացվող Գրաբարի օլիմպիադան կազմակերպվում է Երևանի քաղաքապետարանի, ՀՀ Կրթության և գիտության նախարարության, ինչպես նաև «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ: Ծրագրի նպատակն է խթանել գրաբարի նկատմամբ հետաքրքրությունը, խրախուսել ուսուցումը: Երկու տարվա ընթացքում ծրագիրը բավականին ձեռքբերումներ է գրանցել և դրական արձագանքների է արժանացել թե դպրոցներում, թե պատանիների շրջանում:
Օլիմպիադային այս տարի մասնակցել է Երևանի ավագ ու հիմնական 26 դպրոցների 70 աշակերտ: Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը և «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի նախագահ Լևոն Սարգսյանը արժեքավոր մրցանակներ են հանձնել հաղթող պատանիներին և նրանց ուսուցիչներին:
«Գրաբարյան օրեր 2016» ծրագրին աջակցելու համար Երևանի քաղաքապետարանը, ՀՀ կրթության և գիտության նախարարությունն ու «Փյունիկ» բարեգործական հիմնադրամն արժանացել են շնորհակալագրերի:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
Կարդացեք նաև