Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆարիդ Մուխամեդշին. «Բարձր եմ գնահատում Թաթարստանում ապրող մեծաթիվ հայկական համայնքի դերը»

Հունիս 04,2016 16:49

Հունիսի 3-ին Կազանում ավարտեց աշխատանքները Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջև համագործակցության Միջխորհրդարանական հանձնաժողովի 27-րդ նիստը:

Նիստի շրջանակներում  Հայ-ռուսական Միջխորհրդարանական հանձնաժողովի  համանախագահներ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն ու Նիկոլայ Ռիժկովը հանդիպել են Թաթարստանի Պետական խորհրդի նախագահ  Ֆարիդ Մուխամեդշինի հետ:  Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է միջպետական, ինչպես նաև, տարածաշրջանային մակարդակով երկու երկրների միջև համագործակցության հետագա խորացման անհրաժեշտությունը: Խորհրդարանականները մտքեր են փոխանակել տնտեսական կապերի հետագա ընդլայնման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ, անդրադարձել Թաթարստանի բազմազգ հասարակությանը հուզող խնդիրներին :  Հայ  խորհրդարանական պատվիրակությունը  Թաթարստանի խորհրդարանում մասնակցել է աշխատանքային ընդունելության, ինչպես նաև՝ այցելել  Թաթարստանի հանրապետության Պառլամենտարիզմի թանգարան, որտեղ Հայ- ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահներ Հերմինե Նաղդալյանն ու Նիկոլայ Ռիժկովը գրառում են կատարել  թանգարանի պատվավոր հյուրերի հուշամատյանում:

Հայ-ռուսական Միջխորհրդարանական հանձնաժողովի 27-րդ նիստի երկրորդ մասի օրակարգի գլխավոր թեման եղել է  հայ-ռուսական տնտեսական կապերի զարգացման հնարավորությունները և համագործակցությունը, այդ թվում՝ ուսումնասիրելով Թաթարստանի  օրինակը:

Նիստին մասնակցել են Թաթարստանի Պետական խորհրդի նախագահ Ֆարիդ Մուխամեդշինը, երկրի առաջին նախագահ Մինտիմեր Շայմիևը, կառավարության փոխվարչապետը, էկոնոմիկայի նախարարը:

Թաթարստանի խորհրդարանի նախագահը իր ողջույնի խոսքում հայաստանցի գործընկերներին ներկայացրել է երկրի տնտեսական, հասարակական-քաղաքական կյանքի մանրամասները` կենտրոնանալով ազգամիջյան ասպեկտների վրա: Հանդիսանալով Թաթարստանի բազմազգ ժողովուրդների Վեհաժողովի նախագահ` Ֆարիդ Մուխամեդշինը բարձր է գնահատել Թաթարստանում ապրող մեծաթիվ հայկական համայնքի դերը երկրի սոցիալ-տնտեսական, հասարակական-քաղաքական կյանքում, մասնավորապես նշելով. «Այսօր Թաթարստանում ապրում են 7000-ից ավելի հայեր, ովքեր հնարավորություն ունեն հաճախելու կիրակնօրյա կրթօջախներ, պահպանելու մայրենի լեզուն, մշակույթը, պատմությունն ու ավանդույթները, և իրենց ակտիվ գործունեությամբ նրանք այսօր մեծապես նպաստում են Թաթարստանի և Հայաստանի հայերի, ինչպես նաև, երկու ազգերի բարեկամության ամրապնդմանը»:

Հայ-ռուսական Միջխորհրդարանական հանձնաժողովի 27-րդ նիստը վարել են  հանձնաժողովի համանախագահներ Հերմինե Նաղդալյանն ու Նիկոլայ Ռիժկովը: Նիստի օրակարգային հարցերի շրջանակում հանձնաժողովի անդամները քննարկել են Հայաստանի Հանրապետության  և  Թաթարստանի Հանրապետության միջև համագործակցության տնտեսական, սոցիալական և մշակութային զարգացման հեռանկարները, այդ թվում` տնտեսական ազատ գոտիների ստեղծման, օտարերկրյա ներդրումների ներգրավման հնարավորությունները: Բազմակողմանի ուսումնասիրվել է վերջին տասը տարիներին Թաթարստանի տնտեսական հնարավորությունները և այսօրվա նվաճումները նավթաքիմիական , բժշկական, մեքենաշինական սարքավորումների արտադրության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում:  Խորհրդարանականները կարևոր են համարել վերջին շրջանում Միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի աշխատանքների անցկացումը ոչ միայն մայրաքաղաքներում, այլ մարզերում, ինչն առավել նպաստում է միջտարածաշրջանային տնտեսական և մշակութային համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանը:

Նիստի օրակարգում քննարկվել են նաև հանձնաժողովի 25-րդ նստաշրջանի շրջանակներում ընդունված  որոշումների իրականացման վերաբերյալ հարցեր, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև համագործակցության զարգացման հեռանկարները՝ Մաքսային միության եւ Եվրասիական տնտեսական տարածության մեջ, ինչպես նաև՝ 5-րդ հայ-ռուսական միջտարածաշրջանային ֆորումի և Միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական՝ 28-րդ նիստին առնչվող կազմակերպչական խնդիրներ:  Հայ խորհրդարանականները առաջարկել են հերթական հայ-ռուսական միջտարածաշրջանային ֆորումն անցկացնել Ռուսաստանի Դաշնությունում:

Միջխորհրդարանական 27-րդ նիստի աշխատանքները ամփոփվել են հրավիրված մամուլի ասուլիսում, որի ընթացքում Միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը մեկնաբանել է Գերմանիայի կողմից նախօրեին ընդունած Հայոց ցեղասպանության ճանաչման մասին որոշումը. «Կարծում եմ աշխարհը ևս մեկ անգամ համոզվեց, որ պատմության բոլոր դրսևորումների` նույնիսկ առանձին երկրների համար ամենածանր դեպքերի նկատմամբ արդարացի մոտեցումը` միակ ճանապարհն է, որով ընդհանրապես մարդկությունը պետք է  առաջ շարժվի:  Եթե մենք ցանկանում ենք, որ ցեղասպանությունները որևէ երկրում երբևէ չկրկնվեն, ապա հարկավոր է , որ այսօր բոլորս` քաղաքական ուժերը, պետությունները,  կատարված սխալները ընդունելու քաղաքական կամք և քաղաքացիական համարձակություն ունենան»:

Թաթարստանի Պետական խորհրդի նախագահ  Ֆարիդ Մուխամեդշինը իր հերթին կարևորել է ժողովրդական դիվանագիտությունը, ընդգծելով, որ միջխորհրդարանական նման շփումները թույլ են տալիս ավելի սերտորեն ծանոթանալու և  ամրապնդելու հարաբերությունները տարբեր մակարդակներում` քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային և հոգևոր:

Հայ-ռուսական Միջխորհրդարանական հանձնաժողովի 27-րդ նիստի ավարտից  հետո  հայ խորհրդարանականները այցելել են Կազան քաղաքի  պատմամշակութային կենտրոն , Թաթարստանի ժողովուրդների բարեկամության տուն-թանգարան, հանդիպել Թաթարստանում բնակվող հայկական համայնքի ակտիվի հետ, որի ընթացքում պատվոգրեր հանձնել Ռուսաստանի հայերի միության Կազանի հայկական ազգամշակութային ինքնավարության նախագահ Միքայել Խաչատությանին և Թաթարստանի Ամետևսկի հայկական համայնքի նախագահ Վոլոդյա Մելքոնյանին:

Հունիսի 4-ին Հայկական խորհրդարանական պատվիրակությունը այց է կատարել Թաթարստանի հանրապետության Լաիշևյան մունիցիպալ մարզ, որտեղ մասնակցել է «Սաբանտույ» կոչվող ազգային տոնին:

Հայ խորհրդարանականները Հայաստան կվերադառնան հունիսի 5-ին:

ՀՀ ԱԺ մամուլի հաղորդագրություն

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930