Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Մելքոնյան. Քաղաքական խաղ է, որտեղ Ցեղասպանության խնդիրը ֆոն է, ոչ թե նպատակ

Հունիս 04,2016 15:37

«Մեր թիրախը պետք է լինի Թուրքիան»

«Ընդհանրապես, Ցեղասպանության խնդիրը փաստ է, որ դարձել է միջազգային քաղաքական առեւտրի առարկա»,- հունիսի 4-ին «Դիալոգ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:

Նա նշեց, որ դեմ է ինքնանպատակ ճանաչումներին. «Մեր թիրախը պետք է լինի Թուրքիան, թուրքական հասարակությունը եւ պետությունը: Արդյոք այս ճանաչումները նպաստո՞ւմ են թուրքական կարծր ուրացման քաղաքականության փոփոխությանը: Ես կարծում եմ, որ ոչ: Այն տրամադրությունները, որոնք հիմա իշխում են Թուրքիայում գնում են դեպի ավելի կարծրացման:

Այսօր Թուրքիայում հակահայկական տրամադրությունները աճում են, այսօր թուրքական հասարակությունը կոնսոլիդացվում է, կենտրոնանում է թուրքական իշխանության եւ Էրդողանի ագրեսիվ քաղաքականության շուրջ: Դրա խոսուն վկայություններից է, որ Թուրքիայի խորհրդարանում ներկայացված 4 կուսակցություններից 3-ը երեկ միասնական հայտարարություն արեցին ընդդեմ Գերմանիայի Բունդեսթագի Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ ընդունված բանաձեւի»:

Ռուբեն Մելքոնյանը կարեւորում է Թուրքիայում իրավական որոշակի խնդիրների արծարծումը եւ բողոքարկումը, քան տարատեսակ պետությունների կողմից Հայոց ցեղասպանության հարցի արծարծումը. «Թիրախը պետք է լինի թուրքական ընկալման մեջ որոշակի փոփոխություն առաջացնելը, քանի որ ինչպես տեսնում ենք, թուրքական ընկալումը շարունակում է մնալ ցեղասպան, եւ անգամ Թուրքիայի խորհրդարանում ազգությամբ հայ պատգամավորը թիրախավորվում է իր էթնիկ պատկանելիության համար: Եթե Բունդեսթագը մի կողմից ընդունում է Ցեղասպանությունը դատապարտող որոշում, բայց այդ նույն ցեղասպան մտածելակերպը շարունակվում է իր գործընկեր Թուրքիայում, ապա կարծում եմ, որ սա ընդհանուր քաղաքական խաղ է, որտեղ Հայոց ցեղասպանության խնդիրը ուղղակի ֆոն է, ոչ թե նպատակ»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930