Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վլադիմիր Վարդանյան. «Չպետք է գերագնահատել կամ թերագնահատել Բունդեսթագի բանաձեւը»

Հունիս 04,2016 14:16

«Ես էլ եմ շնորհակալ Գերմանիային ոչ թե նրա համար, որ ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, այլ՝ որ հավատարիմ մնաց ժողովրդավարական սկզբունքներին»,-  հունիսի 4-ին «Դիալոգ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Սահմանադրական դատարանի փորձագետ Վլադիմիր Վարդանյանը:

Նա նշեց, որ չէր ցանկանա, որ պատասխանատվության բեռը հիմնական պատասխանատուից ուղղվի դեպի նրա հանցակցին. «Սա շատ վտանգավոր կարող է լինել եւ կարող է կանխել հետագա ճանաչումների գործընթացը: Էյֆորիան, իրոք, անտեղի է՝ առանց հարգելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը եւ վերածելով սա ինչ-որ տոնախմբությունների: Ի վերջո սա հաղթանակ է ժողովրդավարության իրավունքի գերակայության եւ միջազգային իրավունքի գերակայության՝ գերմանական եւ եվրոպական համատեքստում:Սա նաեւ չափազանց կարեւոր հաղորդագրություն է Միացյալ Նահանգներին, թե ինչպիսին պետք է լինի ժողովրդավարությունը:

Սա հաղորդագրություն է նաեւ, ինչո՞ւ՝ ո՛չ, Նոբելյան կոմիտեի բոլոր անդամներին եւ ղեկավարությանը, թե ինչի համար եւ ում կարելի է տալ Նոբելյան մրցանակ: Սա որոշակի առումով հաղորդագրություն է նաեւ բոլոր այն երկրներին, որոնք խաղում են՝ ժողովրդավարությունը մի կողմ դնելով եւ մյուս կողմից առաջ քաշելով տնտեսական եւ այլ շահերը: Ես որոշակի կասկածներ ունեմ եվրոպական միասնականության առումով. չմոռանանք, որ Եվրամիությունից դուրս գալ ցանկացող, բայց դեռ լուրջ դերակատար Մեծ Բրիտանիան չափազանց զգուշավոր մոտեցում ունի Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ, իսկ Մեծ Բրիտանիային չի կարելի անտեսել»:

Վլադիմիր Վարդանյանը շեշտեց, որ թուրքական պետական ապարատը փորձում է ճնշումներ գործադրել արեւելաեվրոպական երկրներին, մասնավորապես՝ Բուլղարիայի առանձին քաղաքների նկատմամբ՝ ստիպելով նրանց չեղյալ հայտարարել Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ փաստաթղթերը. «Իրոք չպետք է գերագնահատել կամ թերագնահատել Բունդեսթագի բանաձեւը: Բազմիցս ասել եմ, որ ճանաչման գործընթացը իրավական պարտադիր հետեւանքներ Թուրքիայի համար չի ունենալու, որովհետեւ իրավական տեսանկյունից զուտ Գերմանիայի ներքին օրենսդրության բաղկացուցիչ մասն է, բայց ճանաչումների գործընթացը չափազանց կարեւոր իրավաքաղաքական ֆոն է ստեղծում, որի միջոցով կարելի է իրավական դաշտում հաջողությունների հասնել թե՛ Թուրքիայում, թե՛ միջազգային ատյաններում»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930