Գերմանական ԶԼՄ-ներում ակտիվորեն շարունակվում է քննարկվել Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագծի ընդունումը, որը տեղի ունեցավ 2016թ. հունիսի 2-ին։ Այս մասին տեղեկացնում է BBC-ի թուրքական ծառայությունը։
Վերը նշված աղբյուրում ասվում է, որ գերմանական մամուլն ընդհանուր առմամբ դրական է ընդունել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին փաստը, սակայն կան նաև որոշակի բացասական անդրադարձներ։ Մասնավորապես գերմանական Die Welt պարբերականը ամոթալի է համար, որ քվեարկությանը չմասնակցելու համար երկրից «փախել էր» արտաքին գերատեսչության ղեկավար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը (2016թ. հունիսի 2-ին Գերմանիայի ԱԳ նախարարը Արգենտինայում էր,-խմբ.), իսկ Մերկելն ընդհանրապես չմասնակցեց քվեարկությանը։
Գերմանական մեկ այլ՝ Süddeutsche Zeitung-ը իր անդրադարձում նշել է, որ հայերի ցեղասպանությունը վերաբերվում է ամբողջ աշխարհին և այն չպետք է մոռացվի և մարդկությունը միայն կշահի, եթե առերեսվի իր պատմության հետ։
Die Zeit-ը գրել է, որ առաջիկայում Շտայնմայերը լուրջ անելիքներ ունի, որովհետև Թուրքիայից հնչող սպառնալիքներով լի հայտարարությունները մտահոգիչ են, և դրանք սաստելու համար առաջիկայում աշխատանքի կարիք է զգացվելու։
Կարդացեք նաև
Die Tageszeitung-ի կարծիքով էլ՝ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագիծն ընդունելուց հետո անհրաժեշտ է խորհրդարան բերել Նամիբիայի օրինագիծը և դատապարտել Հերեոյի և Նամայի ցեղասպանությունները։
Die Frankfurter Allgemeine-ը նույնպես անդրադարձել է Գերմանիայում Հայոց ցեղասպանության փաստին և նույնպես քննադատել է երկրի բարձրաստիճան պաշտոնյաների բացակայությունը կարևոր այդ նախագծի քվեարկությանը։ Դրանից բացի, հոդվածագիրը վստահություն է հայտնել, որ Թուրքիան և Գերմանիան շատ սերտ հարաբերությունների մեջ են և ընդունված օրինագիծը չի կարող վերջ դնել այդ հարաբերություններին։